Գոհար Գասպարյանի հիշատակի օրն է
«Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»: Խոսքերի հեղինակն է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը:
Նա հենց այն անհատներից է, ում երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում, ով աշխարհի տարբեր բեմերում ըստ արժանվույն ներկայացարել է հայ օպերային արվեստը: Աետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է «Հայաստանի սոխակ»:
Այսօր Գոհար Գասպարյանի հիշատակի օրն է. մահացել է 2007 թվականի մայիսի 16-ին Երևանում:
Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան) ծնվել է 1924 դեկտեմբերի 14 -ին, Կահիրեում: 1936– 1939 թթ-ին սովորել է Կահիրեի ֆրանսիական քոլեջում: Հետագայում երգեցողության դասեր է առել իտալացի հայտնի երաժիշտներ Էլիզ Ֆելդմանից և Վինչենցո Կարրոյից: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, եղել ռադիոյի մենակատար: 1948 թ-ին Գասպարյանը հայրենադարձել է, 1949 թ-ից երգել Երևանի օպերայի և բալետի թատրոնում (առաջին դերերգը՝ Լակմե, Լեո Դելիբի «Լակմե» օպերայում): 1964 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973 թ-ից): Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:
Գասպարյանն ուներ մեծ ձայնածավալ (դիապազոն) և կատարողական բարձր տեխնիկա: Նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Լավագույն դերերգերից էին՝ Անուշ, Շուշան (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կարինե, Օլիմպիա (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի», «Արշակ II»), Մարգարիտ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Լյուչիա (Գաետանո Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա (Վինչենցո Բելլինիի «Նորմա»), Մարֆա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»):
Գասպարյանն ունեցել է 4000-ից ավելի համերգներ. ընդգրկել է Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Հենդելի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Շտրաուսի, Էդվարդ Գրիգի, Ռեյնհոլդ Գլիերի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի և ուրիշների ստեղծագործություններից: Նա հանդես է եկել նաև թեմատիկ համերգներով՝ իտալական վարպետների գործեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, օպերային սիրված դերերգեր. Մանոնի ծիծաղը (Ֆրանսուա Օբերի «Մանոն Լեսկո»), Ամինա (Վ. Բելլինիի «Սոմնամբուլա»), Դինորա (Ջակոմո Մեյերբերի «Դինորա»), Օֆելյայի խելագարության տեսարանը (Շառլ Թոմայի «Համլետ»), Տիկնիկ (Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները») և այլն: Նշանավոր էր Վիլյամ Շեքսպիրի թեմաներով XIX–XX դարերի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված Գասպարյանի ծրագիրը: Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Թուրքիայում, Իրանում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր:
Պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1997):
«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է» ,- ասել է մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանը: