Կիևում ասել են, թե ռուսներից ում թույլ չեն տա «Եվրատեսիլ-2017»-ին
Ռուսաստանցի մշակույթի գործիչները, ովքեր ընդգրկված են այսպես կոչված «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017» մրցույթում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Վերին ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն: Նրա խոսքով, մրցույթին թույլ կտան մասնակցել միայն այն երգիչներին, ովքեր «հասկանում են, որ Ղրիմի գրավումը և Դոնբասի մի մասի բռնազավթումը հանցագործություն էր»:
Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր չեն աջակցում «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը»:
Նախորդ տարի Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել էր ռուսաստանցի մշակույթի գործիչների սև ցուցակ: Ուկրաինական ղեկավարության կարծիքով, նրանք «սպառնալիք են երկրի ազգային անվտանգությանը»: Ցուցակում ավելի քան 80 անձ է ընդգրկված, այդ թվում նաև երաժիշտներ Օլեգ Գազմանովը, Գրիգորի Լեպսը, Յուլիա Չիչերինան և ուրիշներ:
«Եվրատեսիլ-2017»-ն անցկացվելու է Ուկրաինայում, քանի որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվում է այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է նախորդ տարվա մրցությում:
Ջամալան մրցույթում հանդես էր գալիս «1944» երգով, որը Ստալինի ժամանակ Ղրիմի թաթարների արտաքսման մասին է: Երգչուհին գրել է այս երգը հատուկ մրցույթի համար իր մեծ տատի պատմություններից ազդված: