Իրանի Մեջլիսը հավանություն է տվել ԱՄՆ-ից վնասների փոխհատուցում պահանջելու մասին օրինագծին
«Իրանի Մեջլիսը հավանություն է տվել ԱՄՆ-ից վնասների փոխհատուցում պահանջելու մասին օրինագծին»,-այդ մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ Մեջլիսի պատգամավորների 181 կողմ, 6 դեմ և 8 կողմնպահ ձայներով հավանության արժանացել օրենքի մի նախագիծ, որը կառավարությունից պահանջում է հետաքննել Միացյալ Նահանգների կողմից Իրանին պատճառած վնասների փոխհատուցում ստանալու հարցը:
«Նախագիծն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում Իրանի կառավարությունը ԱՄՆ-ից պետք է պահանջի փոխհատուցել 1953թ. և 1980թ. տեղի ունեցած հեղաշրջումների արդյունքում Իրանին պատճառած ֆինանսական և բարոյական վնասները»,-հաղորդում է իրանական աղբյուրը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ մայիսի 17-ին կայանալիք Մեջլիսի դռնբաց նիստում կքննարկվեն սույն օրինագծի մանրամասները, և վերջնական որոշում կընդունվի այդ օրինագծի վերաբերյալ:
Հավելենք, որ ս.թ. հունիսի 27-ին ավարտվում են Իրանի 9-րդ գումարման Մեջլիսի լիազորությունները: