Շտայնմայեր. Շփման գծում պետք է ամրապնդվի հրադադարը
Լեռնային Ղարաբաղում որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան կողմերը ավելի ինտենսիվ կզինվեն, որի արդյունքում մեծանում է էսկալացիայի հավանականությունը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, Վիեննայում այսօր կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ունեցած կատաղի մարտերը ցույց են տալիս, որ երկարաժամկետ ստատուս-քվոն խոցելի է երկարաժամկետ առումով: Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, որքան ինտենսիվ են զինվում կողմերը, այնքան նոր էսկալացիայի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը մեծ է»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:
Վերջինս կարևոր է, որ շփման գծում պետք է ամրապնդվի հրադադարը, ինչպես նաև համաձայնեցվեն վստահության մեխանիզմները:
«Մեր կարծիքով շփման գծում պետք է հաստատվի ու ամրապնդվի հրադադարը, համաձայնեցվեն վստահության մեխանիզմները և սկսվի բանակցային գործընթաց: Դա որոշակի ժամանակ կպահանջի, օր առաջ որոշում չի լինի»,- նշել է Շտայնմայերը:
Ըստ նրա, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկար տարիների ընթացքում փորձում են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` ամրապնդել հրադադարի ռեժիմը, վերականգնել քաղաքական գործընթացը, իսկ Գերմանիան էլ, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, սատարում է նրանց: