Երևանում անցկացվեց ArmBigData մրցույթ-հեքըթոն
Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14-ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքըթոնը, որը նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը: Ծրագրի նախաձեռնողը Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջն էր: Հեքըթոնին մասնակցել են ոլորտի տասնյակից ավելի հայաստանյան առաջատար ընկերություններ:
Մրցող թիմերի աշխատանքները գնահատել են ծրագրավորման և հեռահաղորդակցության աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից, գիտնականներից, ինչպես նաև Հայաստանի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի անդամները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ArmBigData մրցույթ-հեքըթոնի ժյուրիի կազմում է եղել նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Հեքըթոնի մասնակիցներին մրցույթի շրջանակում առաջադրվել էր մասնավորապես մայրաքաղաքում զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացման, ազատ կայանատեղիների որոնման, տրանսպորտային հոսքերի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորման, ինչպես նաև քաղաքային լուսավորության, աղբահանության և մի քանի այլ ոլորտների շուրջ խնդիրներ:
Հեքըթոնը շարունակվել է 18 ժամ: Գնահատման հիմնական սկզբունքներն էին նորարարությունը, տեխնոլոգիաների օգտագործումն ու լուծման ազդեցությունը: Արդյունքների ամփոփումից հետո հաղթող է ճանաչվել PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում է առաջարկել հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ: 2-րդ տեղը զբաղեցրել է Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: 3-րդ տեղում հեքըթոնի ամենաերիտասարդ մասնակիցների՝ ԹՈՒՄՈ կենտրոնի թիմն էր, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա լուծումներ էին ներկայացրել միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ:
Կազմակերպիչների խոսքով, ծրագիրը նպատակ ունի հիմնել տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab), ինչը հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա հզոր ներուժը կիրառել նաև տվյալների կառավարման ոլորտում: