ՍԱՊԾ. Քայլեր են ձեռնարկվում հայկական խմիչքները Չինաստան արտահանելու ուղղությամբ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատոր նոր սարքավորումները կնպաստեն հայկական խմիչքների որակի բարձրացմանն ու մրցունակությանը: Այս մասին հայտարարել է ծառայության պետ Արմեն Հայրապետյանը՝ աշխատանքային այցի շրջանակներում չին գործընկերների հետ հանդիպմանը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, չինական կողմը հայ գործընկերներին է տրամադրել թե ալկոհոլային խմիչքների ոլորտում գործող ՉԺՀ ազգային ստանդարտները, թե անվտանգության և որակի ցուցանիշների փորձաքննության մեթոդները:
Չինական շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների քննարկման արդյունքում ձեռք է բերվել ցուցահանդեսներին հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների ներկայացման մասին պայմանավորվածություն: Առաջիկա միջազգային ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցելու հրավեր է ստացել, տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ին՝ Չինաստանի Կուիճոու մարզում:
Հայ և չին գործընկերների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՉԺՀ սննդի և խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը: