Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր
Միջազգային օպերային մրցանակաբաշխության (The International Opera Awards), որը ոչ պաշտոնապես համարում են օպերային «Օսկար», «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում հաղթող է դարձել Մարինյան թատրոնի 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Լիտվայից: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Գրիգորյանի հետ նույն անվանակարգում են եղել նաև ռուսաստանցի սոպրանոներ Եկատերինա Բականովան և Աիդա Գարիֆուլինան, Գոլդա Շուլցը և Նոզուկո Թետոն Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Նադին Սիեռան ԱՄՆ-ից: Մարինյան թատրոնի սոպրանոյի համար այս մրցանակն առաջինը չէ կարիերայի ընթացքում. 2005 թվականին նա «Բեմի ոսկե խաչ» մրցանակի է արժանացել լավագույն դեբյուտի համար, իսկ 2010 –ին՝ «Բեմի ոսկե խաչ»՝ լավագույն կատարման համար:
Իտալացի սոպրանո Մարիելլա Դեվիան ճանաչվել է «Լավագույն երգչուհի», ամերիկացի քնարական տենոր Գրեգորի Կունդեն՝ «Լավագույն երգիչ»:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 15-ին Լոնդոնի «Սավոյ» թատրոնում, որտեղ հավաքված են եղել համաշխարհային երաժշտական արվեստի խոշորագույն աստղերը:
Ընդհանուր առմամբ, պարգևներ են հանձնվել ավելի քան 20 անվանակարգերում:
Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականին: Մրցանակի կազմակերպիչներն ընդգծել են, որ ստուգատեսի գլխավոր նպատակը դասական երաժշտական արվեստի ժողովրդականացումն է:
Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։
Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում՝ հանդես գալով Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան և Լիուի դերերում՝ «Օթելլո», «Քնած թագուհին», «Տրավիատա», «Կարմեն», «Մադամ Բատերֆլայ», «Տուրանդոթ» ներկայացումներում։ Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։
2014-ին Հուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում և Գենտում, տարբեր ներկայացումներով հանդես եկել Սանկտ Պետերբուրգում, Գրացում, Համբուրգում և Մյունխենում, իսկ 2015-ին՝ Բեռլինի կոմեդիայի թատրոնում՝ Komische Oper-ում և Վիսբադենում։ Չայկովսկու «Չարոդեյկայ»-ի եւ Պուչինիի «Մադամ Բատերֆլայի» դերակատարումներով հանդես կգա Վիեննայի և Շվեդիայի օպերաներում։
orer.eu-ում կարդում ենք. «Հայրս այդպիսի երազանք ուներ, որ ես էլ երաժիշտ դառնամ և ուստի մանկուց ինձ դաշնամուրի տվեց: Ծնողներս բաժանվեցին, երբ ես ընդամենը 1,5 տարեկան էի։ Այնպես որ, նրանց միասին չեմ հիշում, բայց միշտ երկուսն էլ իմ կողքին են եղել և ամեն մեկն իր ձևով դաստիարակել է։ Ես նույնիսկ ամբողջ կյանքում երկու անուն եմ ունեցել, հայրս ասում էր Հասմիկ, մայրս՝ Աստա։ Ես էլ որդի ունեմ, ում անունը Նոյ է։ Ցավոք, ես էլ եմ բաժանվել, բայց նախկին ամուսնուս հետ լավ հարաբերությունների մեջ ենք և անում ենք հնարավորը մեր տղային տալու ամենալավը։ Ամենամեծ դաստիարակությունը սերն է։
Ինձ թվում է, իբրև անհատ ես ավելի հայ եմ, քան լիտվուհի, թեև դաստիարակվել եմ Լիտվայում։ Սիրում եմ հայկական ջերմությունը և լիտվական սիմվոլիզմը»:
Լուսանկարները՝ orer.eu-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան