Ադրբեջանցի քունգֆուիստները հրապարակավ ներողություն են խնդրել
Ադրբեջանցի քունգֆուիստները հրապարակավ ներողություն են խնդրել հայ մարզիկներից` Լվովում մայիսի 13-ին մարզաձևի Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց անվայել պահվածքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հայ և ադրբեջանցի մարզիկի մենամարտն անավարտ էր մնացել: Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանին կես քայլ էր բաժանում ադրբեջանցի մարզիկին հաղթելու համար, երբ մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավթին: Նրան միացել է նաև պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները և մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել էին մերոնց վրա և մեծ ծեծկռտուք էր սկսվել, որին միջամտել էին ոստիկանները:
«Երել երեկոյան Բորիսպոլի օդանավակայանում մեր կիևցի եղբայրները հայ չեմպիոններին ճանապարհում էին Երևան, երբ պատահաբար հանդիպեցին ադրբեջանցի «հերոս մարզիկներին»` իրենց ողջ թիմով, որոնք ևս տուն էին վերադառնում: Տղաները նրանց հետ դաժան, բայց առանց քաշքշուկի, պրոֆիլակտիկ զրույց անցկացրին, որից հետո ադրբեջանցիները ողջ թիմով հրապարակավ ներողություն խնդրեցին մեր տղաներից` սկսած փոքրիկ Արսենից»,- գրել է Սարգսյանը:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ժամանակ նվաճեց 6 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ` թիմային հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը: