Արամ Մանուկյան. Բանակն ամենևին դրան չէ արժանի, որ հերթով կանգնեն և մի տոպրակ նվեր ստանան
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ մի քանի առաջարկներով: Ըստ նրա, նախ պետք է հանել Հայաստանի տարբեր հատվածներում գտնվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գովազդային ցուցապաստառները:
Պատգամավորն ընդգծեց, որ դրանց մի մասը չէր էլ կարելի փակցնել: Արամ Մանուկյանի խոսքով, այսօր արդեն նոր ամիս է, նոր վիճակ, հարկավոր է շատ արագ հաղթանակների մասին գովազդներ լինեն:
«Ունենք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը, Շուշիի հաղթանակը, առաջիկայում՝ Սարդապարատի հաղթանակի օրն է լինելու: Ամբողջ հանրապետությունը պետք է լցվի հաղթանակի ոգով, մեր ժողովրդին այդ ոգին է պետք: Կարծում եմ՝ շատ արագ իշխանությունները կկարգավորեն այդ հարցը»,- նշեց քաղաքական գործիչը:
Արամ Մանուկյանի երկրորդ առաջարկը վերաբերում է բոլոր տեսակի բարեգործություններին, որոնք այսօր իրականացվում են ԼՂՀ-ի համար:
«Ուղղակի պետք է արգելել դրանց գովազդը, այդ էժան, նվաստացնող գովազդը, որը ոչ թե օգուտ է տալիս, այլ վնաս: Ռաբիզը հասել է բանակ: Բանակն ամենևին դրան չէ արժանի, որ հերթով կանգնեն և մի տոպրակ նվեր ստանան, տվողն էլ նայի, թե ինչպես են իրեն նկարահանում: Այս ռաբիզությունը հարկավոր է հանել, այն էլ հիմա, երբ ցանկացած նյութ ոչ միայն հասանելի է հայաստանցու ականջին, աչքին, այլ ամբողջ աշխարհին: Իրավունք չունեն նվաստացնել այն զինվորին, բանակին, ով իսկապես դրան արժանի չէ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա, բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, բարեգործությունն այն է, երբ չի արվում երրորդի համար, բարեգործությունը ներքին, բարոյական խնդիր է, որը երբեք չպետք է նվաստացնի այն մարդուն, ում ուղղված է այդ բարեգործությունը:
«Այսօր միայն դրական էմոցիաներ պետք է առաջանա մեր բանակի, զինվորի նկատմամբ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի