ԳԱԿ-ում բացվելու է Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառման շրջանակներում, տեղի կունենա քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը, որը հանդիսանում է Կասկադ համալիրի ճարտարապետական ժառանգության անբաժանելի մասը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին արվեստի կենտրոնից:
1980-ականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014 թթ.) համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանին և արվեստագետը չորս տարի շարունակ աշխատել է այն սրահում, որն այսօր կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Բազմաֆիգուր ծավալուն որմնաքանդակը, որը պատկերում է հայկական էպոսի երեք տասնյակից ավելի դրվագներ, ականավոր հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի (1883-1959) գրաֆիկական հայտնի աշխատանքի («Սասունցի Դավիթ», 1922) քանդակային տարբերակն է: Չնայած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, ապա և Խորհրդային միության փլուզումից հետո տուֆակերտ այս որմնաքանդակն անավարտ է մնացել, այդուհանդերձ այն փոխանցում է ստեղծագործության մոնումենտալ հնչեղությունը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, մշտապես աշխատել է ոչ միայն հայ և համաշխարհային կերպարվեստը ներկայացնել Հայաստանում, այլև պահպանել ու բացահայտել Կասկադ ճարտարապետական համալիրը իր ողջ գեղարվեստական գանձարանով:
«Ներկայացնելով «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը՝ Կենտրոնը երևան է հանում Արտաշես Հովսեփյանի հարուստ ժառանգության նշանակալի աշխատանքներից մեկն այս կարևոր հոբելյանական տարում, երբ լրանում է վարպետի 85-ամյակը: Այսուհետ բոլորը հնարավորություն կունենան անվճար տեսնելու այս կոթողային ստեղծագործությունը: 2016 թվականը նշանավորվում է նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանով, իսկ Սասունցի Դավթի կերպարը մշտանորոգ ոգեշնչման և ուժի աղբյուր է եղել և մնում հայ ժողովրդի համար: Այս համատեքստում ևս «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացահայտումը հատկապես կարևոր է»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Սառնակունք գյուղում (Սյունիքի մարզ): 1954 թվականին Հովսեփյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից նրան տեղափոխել են Լենինգրադ (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ)՝ ուսանելու Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որը նա ավարտել է 1961 թվականին: 1989 թվականին քանդակագործն արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման: Արտաշես Հովսեփյանի առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974, Երևան, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան): Երևանում և Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքներում Արտաշես Հովսեփյանը ստեղծել է ավելի քան 50 բոլորաքանդակներ, որմնաքանդակներ և կիսանդրիներ:
Նրա աշխատանքներից են Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975, Երևան, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վեհարանի բակի խաչքարը (1975), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1975), Երևանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993), «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987, Երևան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988, Ծաղկաձոր, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան): Արտաշես Հովսեփյանի վերջին աշխատանքներից է Հրանտ Մաթևոսյանի արձանը՝ գրողի անունը կրող դպրոցի բակում (2013, Երևան): Արվեստագետը կերտել է բազմաթիվ գրեթե բնական չափերի սքանչելի դիմաքանդակներ, ինչպես նաև նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները
- Նախագահը կարևորել է 1994թ. և 1995թ. համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան