ԵԱՀԿ Մինսկի խումբ. Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը , ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիև, Ֆրանսիայի Եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի` Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքները` հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը չի կարող լինել ռազմական ճանապարհով: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է. «Համանախագահները պնդեցին 1994 և 1995 թթ հրադադարի համաձայնագրերի պայմանները հարգելու հանգամանքը: Նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունն առ հրադադարի պահպանում և հակամարտության խաղաղ կարգավորում: Հետագա բռնությունների հավանականությունը նվազեցնելու համար նրանք պայմանավորվեցին հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ կողմից հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ: Նախագահները նաև համաձայնեցին ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները:
Նրանք նաև համաձայնեցին շարունակել անհետ կորած մարդկանց վերաբերյալ տվյալների փոխանակման գործընթացը Կարմիր խաչի վերահսկողությամբ, որի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել 2014 թ հոկտեմբերին Փարիզի խորհրդաժողովի ժամանակ:
Նախագահները հաջորդ բանակցությունների շուրջ նույնպես համաձայնություն ձեռք բերեցին հունիս ամսին՝ համատեղ համաձայնեցվելիք վայրում՝ համապարփակ կարգավորման հասնելու մտադրությամբ»,- ասված է հայտարարության տեքստում: