Լ. Զուրաբյան. Իշխանությունների քայլերը չեն վկայում կոռուպցիայի դեմ պայքարելու վճռականության մասին
Կոռուպցիան և իշխանության լծակների օգտագործումը սեփական հարստացման համար, հատկապես երբ այն կրում է համատարած, համակարգված բնույթ, սպառնալիք է ազգային անվտանգության համար,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, ապրիլյան քառօրյա պատերազմի վերլուծությունը նաև ամբողջ հասարակությանն է հանգեցրել նման եզրակացության:
«Անցյալ շաբաթ, ըստ երևույթին, արձագանքելով հանրության շրջանում տիրող տրամադրություններին, վարչապետը Հայաստանի քաղաքական ուժերին հրավիրել էր քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարը: Հաշվի առնելով, որ կոռուպցիան Հայաստանում կրում է կազմակերպված, բուրգային բնույթ, նույն իշխանությունների կողմից տասնյակ տարիներ շարունակ ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի տասնյակ մարմիններ, ծրագրեր, ինչի հետևանքով կոռուպցիան ավելի է ծաղկել, մենք մերժեցինք այդ հրավերը: Միաժամանակ մենք առաջարկել ենք կոռուպցիայի վերացմանն ուղղված արմատական միջոցներ, որոնց իրականացումն անմիջապես ցույց կտա իշխանության լրջությունն այդ հարցում:
Մենք առաջարկել ենք ընդունել հակամենշանորհային օրենսդրության փաթեթ, դրա հիման վրա վերացնել բոլոր մենաշնորհները, քրեականացնել պաշտոնյաների եկամուտների և ունեցվածքի անհամապատասխանությունը համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի դեմ պայքարի 20-րդ հոդվածի»,- ասաց պատգամավորը:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունների քայլերը չեն վկայում կոռուպցիայի դեմ պայքարելու վճռականության մասին. ««Հրազդան ցեմետ» գործարանին հարկային կուտակած տույժերը ներելու նախագիծը ցույց տվեց, որ իշխանությունը շարունակում է հատուկ վերաբերմունք ցույց տալ տնտեսական տարբեր բնագավառներում պետական բյուջեի հաշվին ավերածություններ գործած Միքայել Բաղդասարովի նկատմամբ»:
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե նրա մասին է, որ իրենք դեմ են տույժերը ներելու միջոցով տնտեսության ակտիվության խթանմանը, այլ նրա մասին է, որ նման քաղաքականությամբ սելեկտիվ ներողամտություն են տարածում միայն այն մարդկանց վրա, ովքեր մտերիմ կապեր ունեն իշխանությունների հետ:
Ըստ նրա, կառավարությունը պետք է հանդես գա մանր և միջին բիզնեսի ակտիվությունը խրախուսելու նպատակով լայն համաներում կիրառելու նախաձեռնությամբ, որը չի կրի սելեկտիվ բնույթ:
«Առաջարկում ենք տույժերի ներում կիրառել առնվազն այն ընկերությունների նկատմամբ, ովքեր հատուկ սահմանված ժամկետներում կվճարեն իրենց պարտքերը»,- ասաց Լևոն Զուրաբյանը: