Խոսրով Հարությունյան ԼՂ հակամարտությունը՝ միջազգային քաղաքական օրակարգի հիմնական հարցերից
Վիենայում կայացած երեկվա հանդիպումը, հատկապես, քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված շատ բարդ, պայթյունավտանգ իրավիճակում, անշուշտ, անխուսափելի անհրաժեշտություն էր և քայլ էր դեպի իրավիճակը մեղմելու, լարվածությունը թուլացնելու ուղղությամբ,- «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորի համոզմամբ, այս հանդիպումն առանձնահատուկ է նրանով, որ նախաձեռնողները ոչ թե եռանախագահներն էին այլ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները:
«Սա նշանակում է, որ հիմնական խաղացողները խիստ մտահոգված են այն պայթյունավտանգ իրավիճակով որ ձևավորվել էր քառօրյա ռազմական գործությունների հետևանքով, ինչն ակնհայտորեն պահանջում է աներկբա և անհետաձգելի միջամտություն, որը կնպաստի լարվածությունը մեղմելուն, թուլացնելուն և միտված է խաղաղ գործընթացին: Այսինքն պետք է փաստենք, որ քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում Արցախի հետ շփման գծում ստեղծված իրավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը դարձրել է միջազգային քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը»,- նշեց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը հետաքրքրական համարեց ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպմանը մասնակցելու փաստը, որը նախորդիվ հանդիպել էր նախագահ Սարգսյանի հետ:
«Այսինքն՝ ԵՄ-ն նույնպես կարևորում է այն պայթյունավտանգ իրավիճակը մեղմելու անհրաժեշտությունը, որի նկատմամբ պետք է լուրջ ջանքերը գործադրել: Այդ մասին է խոսում նաև Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը»,- նշեց նա:
Անդրադառնալով հանդիպման արդյունքում տարածած հայտարարությանը Հարությունյանը կարևորեց այն հանգամանքը, որ այն տարածվել է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այլ համանախագահող երկրների արտգործնախարարների անունից, ինչն, ըստ պատգամավորի, ավելի է ընդգծում «այս հանդիպման աշխարհաքաղաքական կարևորությունը ու ավելի է ընդգծում կողմերի համար հետևանքների պատասխանատվությունը»:
«Մինչ հանդիպումը մենք ասում էինք, որ սա չի լինելու բանակցություններ սա լինելու է բանակցություններ վերսկսելու համար անհրաժեշտ նախապայմաններ ձևավորելու շուրջ քննարկումներ: Եվ այդպես էլ եղավ, իսկ բանակցությունները բնականոն հուն տեղափոխելու նախապայմանները առաջինը հնչեցրեց նախագահ Սերժ Սարգսյանը»,-նշեց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
Մեջբերելով նախապայմանները, Հարությունյանը նշեց, որ դրանք արտացոլվել են բանակցությունների ընթացքում:
«Դեռ վաղ է հեռուն գնացող եզրակացություններ անել, բայց, կարծես թե, սառույցը սկսեց ճաքեր տալ»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ սա կարևոր է այն առումով, որ համանախագահ երկրների ԱԳ նախարարները փաստում են կողմերի դիրքորոշումը զինադադարի համաձայնագրի դրույթները չխախտելու վերաբերյալ իրենց նվիրվածությունը:
«Ամենագլխավորներից մեկն էլ այն է, որ ըստ էության պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիս ամսին նշանակել հաջորդ հանդիպման վայրը: Սա խոսում է այն մասին, որ համանախագահող երկրների քաղաքական ղեկավարությունը վճռական է ձեռնամուխ լինել կանխարգելիչ այնպիսի միջոցառումների, որոնք իսպառ կբացառեն քառօրյա ռազմական գործողությունների որևէ կրկնություն:
Ցանկացած շփում ավելի նպաստավոր է չշփվելուց: Մնացածը ժամանակը ցույց կտա թե ինչպիսի քայլեր կձեռնարկեն համանախագահող երկրները, վերջին հաշվով նրանց հեղինակության հարցն էլ է նաև սեղանին դրված:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի