Ռաֆայել Վահանյան. «Պետք է բացահայտենք երեխաների տաղանդը»
Այսօր Շենգավիթում բացվեց շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը, որը գլխավորում է Ռաֆայել Վահանյանը: Լեգենդար գրոսմայստերը ԽՍՀՄ չեմպիոն է, Խորհրդային Միության հավաքականի նախկին անդամ, որի կազմում երկու անգամ տիրացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը:
«Շախմատային մանկապատանեկան մարզադպրոցը կառուցվել է նախկին միջնակարգ դպրոցի հիմքի վրա, որտեղ առաջացած պայմանների պատճառով այլևս անհնար էր կազմակերպել դասերը: Որոշեցինք շենքի մի մասը վերածել շախմատային դպրոցի և հիմա ավելի քան 10 լսարաններ ու պարապմունքների համար նախատեսված սենյակներ ունենք: Իհարկե, շախմատի դպրոցի հիմնադրումը Շենգավիթ համայնքում շատ կարևոր է: Այժմ քաղաքի բոլոր համայնքները նմանատիպ դպրոցներ ունեն, և կարելի է ասել, որ աշխարհում Երևանի պես շախմատային քաղաք ուղղակի գոյություն չունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռաֆայել Վահանյանը:
Տաղանդաշատ շախմատիստը, ում խաղին ժամանակին ակնդետ հետևել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այժմ հնարավորությունի ունի իր գիտելիքներն ու փորձը փոխանցել մատաղ սերնդին:
«Իրենց տաղանդով հատկապես 5-7 տարեկան երեխաներն են առանձնանում,- նշեց նա:- Եթե աշխատանքները ճիշտ կազմակերպենք, բացահայտենք նրանց տաղանդը, համաշխարհային հռչակ ունեցող նոր շախմատիստներ կունենանք»:
Ավելացնենք, որ Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում այս պահին սովորում է 250 աշակերտ: Պլանավորվում է մինչև սեպտեմբեր նրանց թիվը հասցնել 400-ի: