Սերժ Սարգսյան. Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
Եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներին:
Արձագանքելով հանդիպման արդյունքների մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ «կյանքը ցույց կտա»:
«Որևէ մեկի փոխարեն հավաստիացումներ անելը ճիշտ չի իմ կողմից: Իրոք մեր նպատակն է, որպեսզի մեր պրոբլեմները լուծենք խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով: Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանել: Իրականությունը սա է: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն, բայց չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները: Հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան էր մինչ այսօր»,- նշել է հանրապետության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Վիեննայում հնչած գնահատականներին ու պայմանավորվածություններին, նախագահը դրանք դիտարկել է նախորդիվ ունեցած փորձի կոնտեքստում:
«Այդ պայմանավորվածությունների ձեռք բերմանը մենք շատ մեծ ուշադրություն չպիտի դարձնենք՝ հաշվի առնելով անցյալ տարիների մեր փորձը»,- ասել է երկրի ղեկավարն ու մանրամասնել. «Մենք 20 հանդիպում ենք ունեցել, այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը վերադառնալով Բաքու բոլորովին այլ հայտարարություններ է արել: Կյանքը ցույց կտա, թե այս անգամ ինչպես իրադարձությունները կզարգանան: Մեզ համար կարևորը հետևյալն է, որպեսզի համանախագահները մեկ անգամ ևս համոզվեն, որ մեր նպատակը նախ ստատուս քվոյի պահպանումը չէ, և մեր նպատակը չէ հավերժ պատերազմել, մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կորուստներ չունենանք: Որևէ պարագայում ես չեմ համարում արդարացված մեր լավագույն տղաների՝ հանուն հայրենիքի զոհվելը: Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն, հանուն հայրենիքի ապրեն: Բայց եթե նորից եմ կրկնում, ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել, որովհետև չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների»:
Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն արդարացված է միայն այլընտրանքի բացակայության դեպքում:
«Պատերազմի մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև ինքս տեսել եմ, թե ինչ բան է պատերազմը, և չէի ցանկանա, որ բոլորն էլ տեսնեն, կամ մեկ անգամ ևս կրկնվեն այդ իրադարձությունները: Միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, դա այն է, երբ դու պարտադրված ես, այլ ելք չունես, պիտի քո հողը պաշտպանես, քո հայրենիքը պաշտպանես: Մենք մեր ընտրությունը վաղուց ենք կատարել, և մեր ժողովուրդն այդ ընտրությունը վաղուց է կատարել: Եվ դա ցույց տվեց ապրիլի ադրբեջանական պրովոկացիան, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվեն այդ իրադարձությունները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի նախագահի հավաստիացումները քիչ հավատ են ներշնչում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի