Սերժ Սարգսյան. Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են
Հայկական Զինված ուժերն ապրիլյան իրադարձությունների ժամանակ կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում այս մասին նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես կարելի է որոշակիացնել, թե ինչն է հաղթանակ:
«Իմ կարծիքով հաղթանակը կամ պարտությունը հետևյալն է՝ թե դու ի՞նչ նպատակ ես դրել և արդյոք կարողացե՞լ ես կատարել քո նպատակը: Ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություններ անենք, կուրծք ծեծենք և ասենք՝ մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել Պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ, և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր զինված ուժերին, անվտանգության համակարգին՝ թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը: Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն, եթե Զինված ուժերը, եթե անվտանգության համակարգը այդ խնդիրը կատարել է, ապա ինչպես ուզում եք կոչեք, ուզում եք՝ ասեք մարդիկ արհեստավորաժորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք՝ ասեք իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը, ինչպես ուզում եք ասեք, բայց արդյունքում գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր զինված ուժերը, այո, խնդիրը կատարել են»,- ասել է հանրապետության ղեկավարն ու արձագանքել այս օրերին ետղ գտած քննարկումներին. «Միշտ կարելի է ժողովրդահաճո, այս պարագայում պետք է ասեմ՝ ամբոխահաճո հայտարարություններ անել և ասել՝ եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի՝ չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք սա կանեինք: Դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, դա ասում են մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից, կամ ասում են մարդիկ, ովքեր միգուցե ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո երբեք հաղթական զեկույցներ նրանք չեն տվել, իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչեր են անում:
Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չեն Զինված ուժեր, ովքեր կգնան արկածախնդրության՝ միգուցե կհասնեն հաջողության, միգուցե՝ ոչ: Մեզ պետք են Զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները և այդ խնդիրները կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, խնդիրներ տեսնել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Սա շատ ակնհայտ է: Եթե ուզում եք անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք՝ կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձևակերպումը հետևյալն է. մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են, և տա Աստված, որ մշտապես կատարեն և կատարելու են, որովհետև մեր Զինված ուժերը մեր ամբողջ երեք միլիոն ժողովուրդն է՝ Հայաստանում, Արցախում, գումարած նաև Սփյուռքը: Ինչքան մարդիկ էին ցանկանում գալ ու գնալ ճակատ: Միգուցե նրանք ճակատում չկարողանային ռազմական խնդիրներ լուծել, և այդպես էլ կա. մարդը, եթե հատուկ պատրաստվածություն չի անցել, նույնիսկ կարող է բեռ հանդիսանալ հատուկ պատրաստվածություն անցած մարդկանց համար, բայց ոգևորելը, թիկունքում ամրություն զգալը շատ մեծ բան է»:
Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձությունների ժամանակ առաջնագծում տեղի ունեցած փոփոխություններին և այդ թեմայով ծավալված քննարկումներին, հանրապետության ղեկավարը նշել է. «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, այդ ամենից բացի գոյություն ունի նաև գնահատական. եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, դա ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմակավարակա՞ն նշանակություն ունի, մարտավարակա՞ն նշանակություն ունի, թե՞ ընդհամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ութ հարյուր հազար հեկտար ունեին՝ կորցրել են ութ հարյուրի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն:
Զուտ հոգեբանական առումով, այո ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց ուզում եմ մի համեմատություն անեք ութ հարյուր հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար, ենթադրենք, մեկ զոհ երկու վիրավոր, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ մեկ վիրավոր՝ էլի շատ են:
Համեմատեք, տեսեք այդ ութ հարյուր հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պետք է տային: Երբ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել ևս երեսունհինգ- քառասուն կամ ևս ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու: Երևանում սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ գնան այնտեղ ծառայեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն արժեքը ՝ մետրի և մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները, նրանք դեռևս իրենց խնդիրը մինչև վերջ չեն կատարել, նույնիսկ կատարելուց հետո են իրենք պետք: Դեռ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքացիական կյանքում շատ ավելի քիչ հաջողությունների կարող են հասնել, քան թե ռազմական»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
- ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի նախագահի հավաստիացումները քիչ հավատ են ներշնչում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի