«Analitik.am»-ի գործով Տիգրան Ուրիխանյանը պաշտոնյաների անուններ է տվել
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, ինչպես խոստացել էր, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը անդրադարձել է իր հետ առնչվող «Analitik.am»-ի խմբագրի ու նրա օգնականի վերաբերյալ քրեական գործին:
«Ո՞րն է պատճառը ինձ զրպարտելու, որ չխոսե՞մ, չխոսեմ պետական միջոցների մսխումից, որ ելույթներս չնպաստեն ապաշնորհների հրաժարականների՞ն, թե՞ որ վարկանիշս չաճի: Ո՞ր մի քանի հարյուր միլիոն գողացված պետական փողերի մասին ելույթը կատաղեցրեց ստահակներին: Նպատակը լռեցնե՞լն է, թե լռեցնելու միջոցով գումար շորթելը: Ինչ է նշանակում վեց անգամ ասուլիսի հրավիրել, որից հրաժարվում ու հետո գրել, որ պատգամավորը կապրիզներ է անում պատերազմի ժամանակ՝ թեմա պատրաստելով ադրբեջանական կայքերի համար: Դրանից հետո գումար ուզել՝ ամսեկան կտրվածքով», -հայտարարեց Ուրիխանյանը:
Իր ելույթում նաև ասաց, որ հետագայում պարզել է, թե լրատվամիջոցի ղեկավարի ու նրա օգնականի թիկունքում «կենդանաբանական օրգանիզմներ» կան՝ «հիստերիայի մեջ ընկած»:
«Շորթողին զոհ են դարձրել ու սեփական փտախտի հոտն են տարածում ինտերնետով մեկ: Գործում է այդ խումբը շատ փնթի, հետքեր ու պոչեր են թողել տարբեր տեղեր: Բոլոր փաստերը կուտակված են:
Նախաքննությունը տիրապետում է դրանց բավարար չափով՝ շատ հեռուն գնալու համար: Այդ կայքերի հետ կապված փաստաբան կոչվողների խունտան, որը թաթախված է բազմաթիվ պատմությունների մեջ ու փողի դիմաց մարդ վարկաբեկելու բիզնեսով է զբաղված, մեծ հետաքրքրության առարկա է դարձել: «Բուրգի» գործով անցնող վանոյի Արտակ կոչեցյալն էլ այս անգամ իր հետևից շատ մարդ է տանելու: Գործի հետ կապված որոշ պաշտոնյանի անուններ արդեն ներկայացվել են քննությանը: Գտնում եմ, որ այս ամենն իմ քաղաքական գործունեության ուղղակի հետևանք է», -հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:
Նշենք, որ շորթման մեղադրանքով այս քրեական գործով որպես մեղադրյալներ անցնում են Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն: Քրեական գործն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Ըստ նախաքննության տվյալների, ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Վարդիթերն ու Անին այժմ գտնվում են կալանքի տակ:
Հարակից հրապարակումներ`
- «Analitik.am»-ի խմբագրի օգնականը կալանավորվել է ապօրինի. Փաստաբան
- Լրատվական կայքի աշխատակիցների վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ
- Լրատվամիջոցի ղեկավարի գործը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ
- Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի