Հարավային Կովկասում Հայաստանը կարևոր տնտեսական գործընկեր է Լեհաստանի համար. Լեհ պաշտոնյա
Հարավային Կովկասում Հայաստանը կարևոր տնտեսական գործընկեր է Լեհաստանի համար: Այս մասին այսօր Երևանում անցկացվող հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստում ասաց Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին:
Նրա խոսքերով՝ թեև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը չի համապատասխանում երկու երկրների տնտեսությունների պոտենցիալին, այնուամենայնիվ, տարեցտարի ավելանում է Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը:
Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ-ի համեմատ 2015թ-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 27 տոկոսով: Լեհաստանից Հայաստան հիմնականում արտահանվում են գյուղատնտեսական, քիմիական, մետալուրգիական և մեքենաշինական ապրանքներ, իսկ ներմուծման մեջ մեծ ծավալը կազմում են ոչ թանկարժեք, ինչպես նաև գյուղատնտեսական և քիմիական ապրանքներ:
Ըստ նրա՝ լեհական կազմակերպությունները հետաքրքրված են հայկական շուկայով և բանակցություններ են տարվում տարբեր նախագծերի իրականացման ուղղությամբ: Նա միաժամանակ նշեց, որ դեռևս լիովին չեն օգտագործվել համագործակցության և ներդրումային ոլորտներում եղած հայկական և լեհական կազմակերպությունների հնարավորությունները:
Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին կարծում է, որ երկու երկրների կազմակերպությունները հետագայում կարող են համագործակցել գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
«Հայկական շուկայում ունենք լեհական բիզնեսի մի քանի օրինակներ: Ողջունում եմ այն փաստը, որ ՀՀ կառավարությունը ստեղծում է բարիդրացիական հիմք արտերկրի ներդրողների համար, Հայաստանը կարող է հետաքրքիր շուկա լինել լեհ ձեռներեցների և բիզնեսի համար, քանի որ դա նաև լավ հնարավորություն է մուտք գործել ռուսական և իրանական շուկաներ: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին կավելանան ներդրումային ծրագրերը»,- ընդգծեց Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին:
Նա նաև նշեց, որ Լեհաստանը ողջունում է ԵՄ-ի հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների առաջընթացը, կիսում է այն տեսակետը, որ 2017 թվականի վերջում այդ համաձայնագիրն արդեն կունենա իրավական ուժ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի