ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
Վիեննայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմն առաջարկել է, որպեսզի բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը կայանա շփման գծում համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատումից հետո: Այս մասին Վիեննայից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»,- տեղեկացրել է հանրապետության ղեկավարը:
Նշենք, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել, որտեղ ասված է. «Հետագա բռնությունների հավանականությունը նվազեցնելու համար նրանք պայմանավորվեցին հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ կողմից հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ: Նախագահները նաև համաձայնեցին ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները»: Միաժամանակ համանախագահները տեղեկացրել էին, որ հունիս ամսին կողմերը կհամաձայենցնեն հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետները:
Խոսելով առաջարկի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ «մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք»:
«Ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը` մոնիտորինգի համակարգ ձևավորելու համար: Այնպես որ, եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին»,- ասել է երկրի ղեկավարն ու արձագանքելով հարցին, թե ինչպիսին էր Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշումը, երբ տեղի մամուլն անվտանգության միջոցառումների իրականացման համար նախապայմաններ էր առաջ քաշում, հավելել է. «Մոնիտորինգի հաստատման որևէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ` ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, որն այդպիսի բան չհայտարարեց այնտեղ»:
Ինչ վերաբերում է մեխանիզմների ներդրման ժամկետների մասին հարցին, ապա նախագահ Սարգսյանն ասել է. «Համանախագահներն ասում էին` օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև այդպիսի որոշում իրենք ունեն, և մենք էլ դեմ չենք: Կավելանան ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարողությունները, նրա անձնակազմը, և ինչքան շուտ հաստատվի` այնքան լավ: Որովհետև, նորից եմ ասում, փոխադարձ մեղադրանքները գործին չեն օգնում: Եվ անհրաժեշտ է հստակ ապացույց: Այս պարագայում, ես կարծում եմ, որ մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետև ակնհայտ է` երբեք մենք առաջինը չենք խախտում, որովհետև դա մեզ ուղղակի պետք չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին