Հայկական կողմի նախապայմանները կատարվել են. Ալեքսանդր Արզումանյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միահամուռ հայտարարեց, որ բացառում է ռազմական լուծումը և պնդում է, որ կողմերը պետք է վերադառնան հրադադար հայտարարելու մասին 94-95 թթ. Ստորագրած եռակողմ պայմանագրին: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Բավականին դրական ֆոն է ստեղծվում բանակցությունների վերականգնման համար, տալիս է հայկական կողմին հնարավորություն դադար վերցնել ու զբաղվել բանակաշինությամբ, դասեր քաղել անցած օրերին կատարվածից, հետաքննություններ անցկացնել, մեղավորներին պատժել», -հայտարարեց Արզումանյանը:
Արզումանյանը կարծում է, որ նախագահ Սարգսյանի առաջ քաշած երեք նախապայմաններից գոնե երկուսը կատարվել է, իսկ երրորդ և վերջին նախապայմանը, որը վերաբերում էր հասցեական հայտարարություններին, ըստ նրա, ավելի շատ հռետորական էին:
«Հասցեական հայտարարություն բացառվում է միջնորդներից որևէ մեկն անի: Մենք ավելի շատ հասցեական հայտարարություններ պետք է ակնկալենք հարևան, բարեկամ երկրներից», -նկատեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին նոր լիազորություններ տալով և դիտորդների քանակը լրացնելով, Արզումանյանի կարծիքով, հնարավոր կլինի «ռեալ ձեռքբերումներ արձանագրել»:
«Մենք պարտավոր ենք երկու բան անել՝ ունենալ ադեկվատ բանակ, որը կպատժի նախահարձակ կողմին, չխուսափել բանակցություններից: Մենք շահագրգռված են խաղաղ կարգավորման: Մենք հարցը լուծել ենք ռազմի դաշտում և հիմա մնում է դա բերել խաղաղության սեղան», -նկատեց պատգամավորը:
Նախկին դիվանագետի կարծիքով, հայկական կողմը պետք է պնդի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բանակցություններում լինի առաջնային խնդիր:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Փոփոխություններն անհրաժեշտ են՝ անկախ ապրիլյան իրադարձություններից
- Պաշտոնական Երևանի առաջարկները ընդունվել են. Շարմազանով
- Սերժ Սարգսյան. Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են
- Սերժ Սարգսյան. Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի նախագահի հավաստիացումները քիչ հավատ են ներշնչում
- Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի