Դավիթ Բաբայան. Վիեննայի հանդիպումը բանակցությունները կոմայից դուրս բերելու մի փորձ էր
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ստանձնած ռազմական գործողությունների հետևանքով բանակցային գործընթացը հայտնվեց կոմայի մեջ: Վիեննայի հանդիպումը գործընթացը կոմայից դուրս բերելու, այն վերակենդանացնելու մի փորձ էր,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ավստրիայի մայրաքաղաքում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը, նման գնահատական տվեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Պետք է ասել, որ սկզբից այդ հանդիպումը բավական հաջող ընթացավ: Այն հայտարարությունները, որոնք հնչեցին, խոստումնալից են»,-ասաց նա:
Բաբայանն առավել կարևորեց վերահաստատումները, որ հակամարտությունը կարգավորման ուժային տարբերակ պարզապես չունի:
«Հաջորդ կարևոր կետն այն էր, որ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում է՝ պետք է անվերապահորեն հետևել 1994 և 1995 թվականների պայմանգրերին: Սա առանցքային նշանակություն ունի: Դա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը դեմ է քաղաքական հավասարակշռության փոփոխության ուժային ցանկացած տարբերակի»,-ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը, հիշեցնելով, որ այդ պայմանագրերին որպես լիիրավ կողմ մասնակցել է Արցախը:
Բաբայանը կարևոր է համարում, որ հանդիպման ընթացքում ու դրանից հետո շեշտադրվել է առաջիկա տարիներին խաղաղության պահպանումը, դրան ուղղված մեխանիզմների մշակումն ու կիրառումը. «Առանց դրանց հնարավոր չէ բանակցություններն առաջ ընթանան: Սա բազմաբնույթ աշխատանք է, որը պահանջելու է տեխնիկական միջոցների, սարքավորումների տեղադրում թե ադրբեջանա-հայկական, թե ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով: Դրանք թույլ կտան ֆիքսել, թե ե՞րբ, ո՞ւմ կողմից, ո՞ր տեղանքում խախտվեց հրադադարի ռեժիմը: Գուցե գերտերությունները պետք է օգտագործեն իրենց տիեզերական հնարավորությունները»:
Panorama.am-ի զրուցակիցն ընդգծեց, որ այդ գործում պետք է ներգրավված լինեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի պաշտպանության, ԱԳ նախարարությունների, տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչները:
ԼՂՀ նախագահի խոսնակը կարևորեց հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնման ու համապատասխան մասնագետներով համալրման մասին:
«Եթե ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերն ընթանան բնականոն հունով, ապա միանշանակ դրական արդյունք է ունենալու տարածաշրջանի վրա: Ադրբեջանը, թեպետ իր համաձայնությունը տվել է, սակայն ամեն ձևով խոչընդոտելու է այդ գործընթացին: Ադրբեջանը, լինելով ահաբեկչական ու բռնատիրական պետություն, շարունակելու է զինադադարի խախտումները, դա իր ոճն է: Այլ տարբերակ պարզապես չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով Վեննայի հանդիպումից հետ ադրբեջանական կողմի կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներին, ինչի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Հարությունյանը, Բաբայանն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է ահաբեկչական քաղաքականությունը:
«Միջազգային հանրությունը պետք է առավել խիստ վերաբերվի Ադրբեջանին: Առավել ևս հաստատակամ լինի հետաքննության մեխանիզմների մշակման ու կիրառման առումով, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի նաև միջազգային հանրության կողմից»,-ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մինասյան . «Ադրբեջանը իր քայլերով արագացրեց այս խնդրի լուծումը»
- Սերժ Սարգսյան. «Ընդհանուր առմամբ բավարարված ենք հանդիպման արդյունքներով»
- ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
- Մարկարովը կարևորում է Վիեննայի հանդիպման չորս արդյունք
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը
- Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ
- Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան