Լվովում տեղի ունեցածից հետո Ադրբեջանի կունգ-ֆուի ֆեդերացիան որակազրկվել և հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից. ՀԺ
Ադրբեջանի կունգ-ֆուի ֆեդերացիան ոչ մարզական պահվածքի համար Եվրոպայի առաջնությունում որակազրկվելուց հետո հեռացվել է նաև Եվրոպայի կունգ-ֆուի ֆեդերացիայից: Ինչպես հայտնի է, մայիսի 12-15-ը Լվովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտի ժամանակ (մայիսի 13-ին), երբ պարզ է դարձել, որ 70 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս մի շարք կողմնակիցներ մահակներով ռինգում հարձակվել են հայ մարզիկի վրա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը պատմել է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Մեր դեմ առաջին մենամարտից հետո, որում նրանք պարտվեցին, բողոքարկեցին արդյունքը: Նրանց համայնքից ահագին մարդիկ եկան, գորգոռացին, բայց բնական է, արդյունքը չպետք է փոխվեր: Դա Աշոտ Հարությունյանի մենամարտն էր, որից հետո մենք դրոշը բարձրացրինք: Երբ տեսան, որ արդյունքը չի փոխվում, սպառնացին, թե իրենց համայնքին այլևս չեն կարող պահել և հետևանքների համար պատասխանատու չեն: Այսպես ասացին և գնացին: Երբ երկրորդ մենամարտում տեսան, որ 2-րդ անգամ պետք է մեր դրոշը բարձրանա, մեր մարզիկին՝ Դավիթ Պետրոսյանին, հայհոյեցին, բնականաբար պատասխանը ստացան, բարձրացան վերև, որ խփեն մեր մարզիկին, իսկ մնացածն արդեն տեսագրություններում կա»,- պատմեց Սարգիս Հարությունյանը:
Դավիթ Պետրոսյանը վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել հաջորդ օրը կայանալիք եզրափակչին, որտեղ պետք է ուժերը չափեր թուրք մարզիկի հետ:
«Չկարողացավ մասնակցել, որովհետև գլուխն ուռած էր, երկաթով գլխին էին խփել: Չմասնակցեց և 2-րդ տեղը զբաղեցրեց, բայց 99 տոկոսով վստահ եմ, որ մասնակցելու դեպքում կհաղթեր»,- ասաց նա»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի