Զինվորներն ու ազատամարտիկներն անհանգիստ են. Մհեր Շահգելդյան
Ապշեցուցիչ է՝ զինվորը, սպան, կամավորականը զոհվում են հանուն հայրենիքի, ծանր վիրավորվում, իսկ այդ ընթացքում մի շարք ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ գնում են նրանց տներն ու վարկավորման ամսական մարման գումարները պահանջում: Զինվորներն ու ազատամարտիկներն անհանգիստ են ,- Ազգային ժողովում հայտարարոթյունների ժամին ունեցած ելույթում ասաց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Ըստ նրա, զոհված, ծանր վիրավորում ստացած զինվորների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են. «Ի՞նչ վիճակի մեջ է գտնվում զինվորը, սպան, երբ առջևից հնչում են թշնամու կրակոցները, իսկ թիկունքում նրանց ընտանիքները, ժողովրդի լեզվով ասած, տոկոսի տակ են»:
Մ. Շահգելդյանի խոսքով, թեև կառավարությունն ասում է նախաձեռնությունների մասին, բայց մինչև այժմ ոչ մի համակարգային քայլ և իրավական մոտեցումներ չեն իրականացվել:
«Բարի կամքի դրսևորմամբ այս կամ այն բանկի, բարերարի կողմից տրամադրված աջակցությունը կամ առանձին խնդիրների լուծումը, հարցի լուծում չէ: Անհրաժեշտ է ներդնել համալիր իրավական կարգավորման մեխանիզմներ»,- ընդգծեց պատգամավորը:
Նրա կարծիքով, պետությունը պետք է բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների հետ համատեղ մշակի և իրականացնի զոհված, վիրավորման արդյունքում անաշխատունակ դարձած զինվորների, սպաների, կամավորների վարկային պարտավորությունները չեղյալ հայտարարելու կամ փոխհատուցելու հավասարակշիռ, ռացիոնալ մեխանիզմներ:
Մ. Շահգելդյանի խոսքով, զոհված և վիրավորման արդյունքում անաշխատունակ դարձած զինվորների, սպաների, կամավորականների ընտանիքների համար պետական ծառայության համակարգում, խոշոր ընկերություններում, որոնք հաճախ օլիգարխների սեփականությունն է, առանձնացվեն աշխատատեղերի քվոտա նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը համակարգված լուծելու համար:
Նա նշեց, որ իրենց խմբակցությունը համապատասխան օրենքի նախագիծ է դնելու շրջանառության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի