Ինչո՞ւ պետք է նախարարությունը Դիլիջանում ճոխ ատրիբուտիկաներով ռելաքսի զոնա ունենա. Նաիրա Զոհրաբյան
Դիլիջանում գտնվող ուսումնական կենտրոնի մասին հետաքննող լրագրողների հրապարակումներից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եզրակացրել է. «Չգիտես՝ հանգստի օբյե՞կտ է, զոնա՞ է՝ իր սաունաներով, թանկանոց սիգարների սենյակով»:
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորը Վերահսկիչ պալատի նախագահից հետաքրքրվեց, թե արդյոք ստուգումներ անցկացրե՞լ են այդ կառույցում և արդյոք հայտնաբերե՞լ խախտումներ:
«Կոնկրետ ձեր կառույցը էդտեղ վերահսկողություն իրականացրե՞լ է, որ հասկանանք՝ ինչու պետք է նախարարությունը Դիլիջանում հանգստի, ռելաքսի զոնա ունենա նման ճոխ ատրիբուտիկաներով», -հավելեց պատգամավորը:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը ստուգումներ չի անցկացրել Դիլիջանի ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ում, քանի որ գործունեության ծրագրում նման բան նախատեսված չի եղել: Իսկ ինչ վերաբերում է 2016-ի ծրագրերին, ապա այն հաստատում է ՎՊ խորհուրդը:
Նկատենք, որ մարտի 31-ին կառավարության որոշմամբ, ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառավարման լիազորությունները փոխանցվել էին կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին: Այս կենտրոնում ծախսված հսկայական գումարների մասին գրել էր մամուլը:
Մասնավորապես, նշվել էր, որ ուսումնական կենտրոնի լոգասենյակները կհանդերձավորվեն «լյուքս» դասի հյուրանոցներին վայել օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով: Նախարությունն այդ նպատակով պետբյուջեից 37 միլիոն դրամ է վճարել «Իդեալ» ու «Կերամիկա» խանութների ցանցը ներկայացնող «Իմեքս գրուպ» ընկերությանը: Նաև նշվել էր, որ բյուջեից 3 միլիոն 700 հազար դրամ է վճարվել 95 հատ խոշորացույցով հայելի գնելու համար, յուրաքանչյուրը՝ 39 հազար դրամով, 2 միլիոն 742 հազար դրամ ծախսվել է աղբամանների վրա, յուրաքանչյուրը՝ շուրջ 13 հազար դրամ արժողությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի