Թաղապետը հարկային տեռորի է ենթարկում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին . ՉԻ
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այն թաղապետներից է, որոնք պարբերաբար հայտնվում են մամուլի էջերում։ Ուլիխանյանն իր քաջագործություններով վերջին անգամ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ։
Ընտրակեղծիքների շտաբն այդ համայնքում ղեկավարում էր Ուլիխանյանը։ Չնայած իշխանությունն ահագին ֆինանսական և վարչական ռեսուրսներ էր կենտրոնացրել Ուլիխանյանի ձեռքում, այնուամենայնիվ, վերջինիս մեծ դժվարությամբ հաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրը՝ կեղծել ընտրությունները։ Ուլիխանյանի տապալման պատճառների մասով իշխանություններն արդեն հետևություններ արել են, իսկ համայնքի խնդիրների լուծման առումով՝ փաստենք, որ այս թաղապետը հեռու է իդեալականից։
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ այս օրերին թաղապետը զբաղված է հարկային տեռորով, իսկ նրա «ռեկետի» թիրախը համայնքի 19 դպրոցներն ու 17 մանկապարտեզներն են։ Բանն այն է, որ կրթօջախները իրենց հարկային պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետներ ունեն։ Մինչև դեկտեմբերի 31-ը կրթօջախների ղեկավարությանը հնարավորություն է տրվում իրականացնել իրենց հարկային պարտավորությունները։ Իսկ ահա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, չգիտես ինչու, որոշել է իր տնօրենին ու մանկապարտեզների ղեկավարներին պարտադրել հարկերը վճարել ամբողջ տարվա կտրվածքով։ Թաղապետների աշխատանքի գնահատման պրակտիկա գոյություն ունի։
«Մեր տեղեկություններով՝ վերջին երեք գնահատումների արդյունքներով Արմեն Ուլիխանյանը հայտնվել է վերջին տեղում, այսինքն՝ նրա գործընկերների դիտարկումներն էլ ապացուցել են, որ այս մարդն իր տեղում չէ։ Հենց այս է պատճառը, որ Ուլիխանյանը փորձել է լավացնել իր դիրքերը՝ ըստ էության ապօրինի գործողություններ սկսելով համայնքում։ Ի դեպ՝ մեր տեղեկություններով, որոշ տնօրեններ ոչ միայն հրաժարվել են կատարել թաղապետի ապօրինի պահանջը, այլև ակնարկել են, թե դրա մասին կտեղեկացնեն որտեղ հարկն է»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի