Սամվել Կարապետյան. «Այս սերունդն ապացուցեց, որ կարող է մեզնից ավելին անել». Hetq.am
«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
- Պարոն գեներալ, ի՞նչ էր կատարվում ապրիլի 2-ին, Դուք որտե՞ղ էիք:
- Գիշերվա ժամը 3.30-ի կողմերը, երբ շտաբի օպերատիվ հերթապահը զանգեց (դա երկրորդ զանգն էր), ես արդեն պատրաստվում էի դուրս գալ: Մեքենան սպասում էր: Ինձ մոտ զգացողություն կար, որ սա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Մեքենայի մեջ, նոր տեղեկություններ ստանալուց հետո, հասկացա, որ պատերազմ է: Ներկայանալով բանակի հրամանատարին՝ իրավիճակի շուրջ որոշ պարզաբանումներ կատարելուց հետո առաջարկեցի մեկնել հյուսիս` Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այնտեղ լուրջ վտանգ կար: Երբ հասա Մարտակերտ և հրամանատարական կետն զբաղեցրի, տղաները կարծես թե չէին զգում, որ առջևում լուրջ առճակատում է սպասվում… Այդ ընթացքում հակառակորդի հրետանին արդեն սկսեց աշխատել Մարտակերտի ուղղությամբ: 30 րոպե հետո զեկուցում են, որ հակառակորդը մտել է 116 և 118 դիրքեր: Զորամասի հրամանատարը, իր տրամադրության տակ եղած ուժերը վերցնելով, իսկույն մեկնում է գործողության վայր, իսկ հրետանու պետի առաջ խնդիր դնում կրակ բացել այդ դիրքերի վրա: Արդեն հայտնի էր, որ մենք այնտեղ զոհեր ունենք, տղաները հետ չեն քաշվել, կռվել են մինչև վերջ: Միայն մեկ հոգի էր կենդանի մնացել, ով վաշտի հրամանատարի հրամանով գնացել էր դիրքից 300 մ հեռավորության վրա գտնվող պահեստավայրից զինամթերք բերելու: Բայց երբ նա հետ է վերադարձել, դիրքերն արդեն հակառակորդի կողմից գրավված էին: Գալով հրամանատարական կետ՝ նա վերադասին զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Տեղում որոշում ենք կայացնում հրետանային կրակի օժանդակությամբ և տանկային վաշտի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ ենք վերցնում: Միայն այդ մարտում հակառակորդը, տալով մոտ 4 տասնյակ զոհ, որից 28-ը մնացել էր մեր հսկողության տակ գտնվող դիրքում, փախուստի է դիմում և թաքնվում մեր դիրքերից 250 մետր հեռավորությամբ գտնվող իրենց խրամատում: Զորամասը պահպանությունից անցնում է մարտական պաշտպանության: Դրանից հետո նրանք սկսում են հրետակոծել Մարտակերտը:
- Հետո այդ հատվածում նրանք նորից հարձակում ծավալեցի՞ն:
- Պարզ էր, որ նրանք նոր հարձակում են սկսելու այդ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց մերոնք զեկուցեցին, որ հակառակորդի տանկային գումարտակը շարժվում է 4-րդ և 5-րդ պաշտպանական շրջանների հատման հատվածի` Սեյսուլանի ուղղությամբ: Դրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար մեր հրետանին սկսեց աշխատել: Տեսնել էր պետք, թե ինչպես էին խոցվում հակառակորդի դիրքերն ու զրահատեխնիկան:
Պաշտպանական գործողությունները հաջող էին ընթանում նաև մարտագծի հյուսիսային ուղղությամբ: Չնայած Թալիշի հատվածում մերոնք սկսել էին հետ վերցնել կորցրած դիրքերը, բայց ադրբեջանցիները հայտարարում էին, որ Թալիշը, Մատաղիսը և Սեյսուլանը վերցրված են: Որ Թալիշի և Սեյսուլանի ուղղությամբ, իրոք, մարտեր էին ընթանում, դա արդեն մեզ հայտնի էր: Բայց ահա Մատաղիսի մասին լսելով՝ մենք կռահեցինք, որ թշնամին մտադրություն ունի գրոհել նաև Մատաղիսը: Դրանից ելնելով՝ մենք զեկուցեցինք բանակի հրամանատարին, որը որոշում ընդունեց ուժեղացնել 5-րդ ՊՇ-ի ձախ թևի դիրքերի պաշտպանությունը` այնտեղ տեղափոխելով հակատանկային միջոցներ: Այս քայլով ամբողջությամբ փակվեց հակառակորդի առաջխաղացման հնարավորությունը Մատաղիսի ուղղությամբ:
- Ապրիլյան պատերազմը ի՞նչ դասեր տվեց մեզ: Շատ զոհեր ենք տվել, իհարկե, բայց այդ զոհերի գնով նաև դասեր ենք ստացել:
- Հակառակորդը մեզանից ութ անգամ ավելի զոհ է տվել: Նվազագույնը 800-1000 կորուստ է ունեցել նա: Իսկ վիրավորների թիվն անհամեմատ շատ էր: Հակառակորդը շատ էր վստահ իր ուժերի վրա, կարծում էր՝ կմտնի, կմորթի և կանցնի առաջ: Բայց մեր երեխեքը մինչև վերջ կանգնել և պաշտպանել են իրենց դիրքերը, մենք գիտեինք, որ մեր զինվորներն այդպիսին են: Միշտ էլ ասել ենք, որ այս սերունդը մեզանից շատ է անելու: Այն, ինչ մենք 1992-94թթ. արել ենք, իրենք ապացուցեցին, որ կարող են իրենց սխրանքներով ու կատարածով մեզ գերազանցել, մեզնից ավելին անել…
- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ապրիլյան պատերազմում հայ զինվորին բնութագրող գլխավոր հատկանիշը:
- Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի