Սերժ Սարգսյան. Փոփոխություններն անհրաժեշտ են՝ անկախ ապրիլյան իրադարձություններից
Հայաստանում բարեփոխումներն անհրաժեշտ են, սակայն այդ անհրաժեշտությունը կապված չէ շփման գծում ապրիլյան իրադարձությունների հետ: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անկախ ապրիլյան իրադարձություններից, իհարկե, անհրաժեշտ է, ոչ միայն անհրաժեշտ է, այլ կենսական անհրաժեշտություն է` պետական միջոցները խնայողաբար ծախսելը: Բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել»,- ասել է երկրի ղեկավարն ու ընդգծել. «Մեզանից յուրաքանչյուրը, լինի դա գործադիր օղակը, օրենսդիր օղակը, թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին»:
Նախագահի խոսքով՝ այս մասին ասվել է միշտ. «Պարտադիր չէր, որ այդ չորս օրը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին: Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, որ չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու, և խոսել եմ փոփոխությունների մասին: Բայց մինչ խոսելը, երբ որ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում էր փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր: Եվ անկախ նրանից` ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան»:
Խոսելով բարեփոխումների տեմպի մասին՝ նախագահն ընդգծել է, որ բոլոր դեպքերում կտրուկ փոփոխություններին դեմ է. «Հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնելու: Ինչպես տեսնում եք փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից էլ ռազմական գործողություններ. արդյո՞ք դրանք համատեղելի են, միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության համար կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են
- Սերժ Սարգսյան. Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
- ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի նախագահի հավաստիացումները քիչ հավատ են ներշնչում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին