Սերժ Սարգսյան. «Ընդհանուր առմամբ բավարարված ենք հանդիպման արդյունքներով»
Նախօրեին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև համանախագահ երկրների արտգործնախարարների հետ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ամբողջական հարցազրույցը ներկայացվում է ստորև:
ՀՀ նախագահ. Յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակներն ունի: Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանական կողմն ուներ իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը: Մեր նպատակն էր պարզել` արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի, և այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով: Ընդհանուր առմամբ ես և իմ գործընկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներով, և սրա մասին շատ ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը: Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Բայց այնուհանդերձ Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքը անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծման: Բայց դուք շատ լավ հասկանում եք և, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է. դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահպանվում: Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով: Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք, քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում:
Հարց. Պարոն նախագահ, նախ, շնորհակալություն ժամանակ գտնելու և մեր հարցերին պատասխանելու համար, բավական լարված և ծանրաբեռնված բանակցային օր էր, Դուք միանգամից մի քանի հանդիպում անցկացրեցիք: Ի՞նչ հիմնական խնդիրների շուրջ էին քննարկումները ծավալվում և, արդյո՞ք կարող ենք խոսել որոշակի արդյունքների մասին:
ՀՀ նախագահ. Գիտեք, արդյունքները կյանքը ցույց կտա: Եվ հիմա որևէ մեկի փոխարեն հավաստիացումներ անելը ճիշտ չէ իմ կողմից: Իրոք, մեր նպատակն է, որպեսզի մեր պրոբլեմները լուծենք խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանելը: Իրականությունը սա է: Հուսով եմ, որ խախտումները քիչ կլինեն, բայց չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան էր մինչ այսօր:
Հարց. Պարոն նախագահ, հանդիպման ժամանակ տեղերի դասավորությունը նախապես համաձայնեցված էր, թե՞ պատահականություն:
ՀՀ նախագահ. Նախապես համաձայնեցված չէր, բայց բնականաբար, երբ որ այդպիսի հանդիպումների ես գնում, նայում ես, տեսնում ես դասավորվածությունն ինչպես է, որտեղ են քեզ նախատեսել, այնտեղ էլ նստում ես: Նախապես որևէ պայմանավորվածություն չի եղել, և չեմ էլ կարծում, որ դա շատ էական նշանակություն ունի: Առավել ևս այսօրվա իրողությունների պայմաններում:
Հարց. Դուք նշեցիք, որ մինչ առաջիկա հանդիպումը, որի շուրջ, ըստ ամենայնի, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, մոնիտորինգի մեխանիզմներ կհաստատվեն. այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ համաձայնություն է կայացել հրադադարի խախտման դեպքերի ուսումնասիրման մեխանիզմների ներդրման շուրջ: Դուք դեռ ապրիլի 4-ին դեսպանների հետ հանդիպմանը նշեցիք այն անհրաժեշտ պայմանների մասին, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի բանակցությունները շարունակել, այս առումով կարող ենք փաստել, ո՞ր պայմանավորվածություն է ձեռք բերվել և համանախագահներն ու Ադրբեջանի նախագահը ընդունել են, որ անվտանգության և կայունության հաստատման համար հենց այդ քայլերը պետք է իրագործել:
ՀՀ նախագահ. Գիտեք, այդ պայմանավորվածությունների ձեռք բերմանը մենք շատ մեծ ուշադրություն չպետք դարձնենք՝ հաշվի առնելով անցյալ տարիների մեր փորձը: Որովհետև ինչպես ասեցի, մենք 20 հանդիպում ենք ունեցել , այդ հանդիպումների ընթացքում բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորովին այլ հայտարարություններ է արել: Կյանքը ցույց կտա, թե այս անգամ ինչպես իրադարձությունները կզարգանան: Մեզ համար կարևորը հետևյալն է, որպեսզի համանախագահները մեկ անգամ ևս համոզվեն, որ մեր նպատակը ստատուս քվոյի պահպանումը չէ, և մեր նպատակը չէ հավերժ պատերազմել, մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կորուստներ չունենանք, որևէ պարագայում ես չեմ համարում արդարացված մեր լավագույն տղաների հանուն հայրենիքի զոհվելը: Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն: Հանուն հայրենիքի՝ ապրեն: Բայց, եթե, նորից եմ կրկնում, ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել, որովհետև չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների:
Պատերազմի մասին չեմ ցանկանում խոսել, որովհետև ինքս տեսել եմ, թե ինչ բան է պատերազմը, և չէի ցանկանա, որ բոլորն էլ տեսնեն, կամ մեկ անգամ ևս կրկնվեն այդ իրադարձությունները: Միակ դեպքը, երբ պատերազմելը արդարացված է, այն է, երբ դու պարտադրված ես, այլ ելք չունես, պետք է քո հողը պաշտպանես, քո հայրենիքը պաշտպանես: Մենք մեր ընտրությունը վաղուց ենք կատարել, և մեր ժողովուրդն այդ ընտրությունը վաղուց է կատարել: Եվ դա ցույց տվեց ապրիլի ադրբեջանական պրովոկացիան, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվեն այդ իրադարձությունները:
Հարց. Պարոն նախագահ, ինչպե՞ս էր բացատրում Ալիևն այդ հարձակողական լայնածավալ գործողությունները, եթե իրենք պատերազմին դեմ են: Եվ Դուք որտե՞ղ կանգ առաք, և եթե սկսվեն բանակցությունները, ապա ո՞ր կետից պետք է սկսվեն, արդյո՞ք այդ ամենում որևէ բան փոխվել է:
ՀՀ նախագահ. Մենք չենք խոսել բանակցությունների մասին: Իհարկե, խոսք եղել է, որ լավ կլինի, որ տեսանելի ապագայում հանդիպում լինի, բայց որևէ պայմանների մասին չենք խոսել: Մենք խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին և, ինչպես ասեցի, ես ցանկություն եմ հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մոնիտորինգի հաստատումից հետո: Ադրբեջանի նախագահը, նայելով համանախագահներին և ինձ, ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Վստահ եմ` պատկերացնում եք իմ պատասխանը, բայց սա է: Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը: Լավ վիճակ չէ, բայց իրական վիճակը դա է:
Հարց. Այսինքն` երբ Դուք առաջարկում եք զինադադարի պահպանման միջոցներ ձեռնարկել, ի վերջո, մինչև հանդիպումը և հանդիպման ընթացքում ադրբեջանական աղբյուրներն անընդհատ պնդում էին, որ` այո, մենք էլ ենք համաձայն անվտանգության միջոցառումներ ձեռնարկելուն, ազատագրեք տարածքները, մենք կբերենք կդնենք: Այսինքն, պարոն նախագահ, կա՞ այդ ընկալումը, որ մենք և Ադրբեջանը հիմա բոլորովին նույն էջի վրա չենք, և այս բանակցությունները գնալով ավելի ֆիկտիվ են դառնում: Որովհետև մենք որքան փորձում ենք վերադառնալ բանակցություններին, դնելով պայմաններ, որոնք բանակցությունները կդարձնեն ավելի իմաստալից, այսինքն՝ անհնար է բանակցել, երբ պատերազմում են, բայց մյուս կողմից Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ ոչ, մասնակցում է, բայց շարունակում է պատերազմել: Դուք ունե՞ք այդ ենթազգացումը, որ Ադրբեջանն այս անգամ էլ կխախտի: Կամ ի՞նչ պատասխանեցին, երբ Դուք ասեցիք` եկեք միջոցառումներ կազմակերպենք, հետո նոր կհանդիպենք. Ալիևը համաձայնե՞ց:
ՀՀ նախագահ. Պետք է ասեմ, որ մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք: Ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը` մոնիտորինգի համակարգ ձևավորելու համար: Այնպես որ, եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին: Սա մեկ: Երկրորդ. մոնիտորինգի հաստատման որևէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ` ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, ով այդպիսի բան չհայտարարեց այնտեղ: Դրա մասին խոսք եղավ մեկ այլ կոնտեքստում: Բայց դա այսօրվա հանդիպմանը քիչ էր վերաբերում:
Հարց. Պարոն նախագահ, այս օրերին և հենց այսօր շատ հատկանշական է Ձեր խոսքը` Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը: Այնուամենայնիվ, ինչի՞ պատրաստվի հայ զինվորը, հայ սպան և հայ ժողովուրդն ընդհանրապես: Եվ եթե կարելի է, երկրորդ հարցն էլ, քննարկվե՞ց արդյոք հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման ժամկետների հարցը:
ՀՀ նախագահ. Ես կարծում եմ, որ այս օրերին մեր ժողովուրդն իմ խոսքի պակասը չի զգացել: Այո, ես ուղիղ ժողովրդին չեմ դիմել, բայց կարծում եմ, որ այդ պահը դեռևս չի եկել: Բայց ես տարբեր առիթներով մեր ժողովրդի հետ խոսել եմ, երկխոսել եմ` միգուցե պատասխանելով այլոց հարցերին: Եվ կարծում եմ, որ մենք իրավունք չունենք իրադարձություններն արհեստականորեն առաջ մղելու: Իմ ասածը չի նշանակում, որ չորսօրյա պատերազմը շարքային բան էր: Ո´չ: Իրականության մեջ վերջին 22 տարիների ամենալուրջ իրադարձությունն էր` եթե խոսքը վերաբերում է հրադադարի պայմանների խախտմանը, ռազմական գործողություններին, բայց դեռևս որևէ մեկն ինձ հարյուր տոկոսով չի ասել, որ սա վատթարագույնն էր: Ես գիտեմ մեր ժողովրդի, մեր համբերության չափը, ես շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին, և երբ որ նա կարիք ունենա, որպեսզի ես անմիջականորեն դիմեմ, խոսեմ, խնդրեմ կամ համոզեմ, անպայման դա անելու եմ: Եվ այսօրվա մեր հանդիպումն էլ մաս է կազմում մեր ժողովրդի հետ երկխոսության: Ես գիտեմ, թե ումով ենք պաշտպանելու մեր երկիրը, գիտեմ, թե ումով ենք հասնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Եվ կարծում եմ, որ այս տարիներն ինձ սովորեցրել են, թե որ պահին ինչպես պետք է դիմել:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ես ասացի, որ համանախագահներն ասում էին` օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև այդպիսի որոշում իրենք ունեն և մենք էլ դեմ չենք: Կավելանան ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարողությունները, նրա անձնակազմը, և ինչքան շուտ հաստատվի` այնքան լավ: Որովհետև, նորից եմ ասում, փոխադարձ մեղադրանքները գործին չեն օգնում: Եվ անհրաժեշտ է հստակ ապացույց: Այս պարագայում, ես կարծում եմ, որ մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետև ակնհայտ է` երբեք մենք առաջինը չենք խախտում, որովհետև դա մեզ ուղղակի պետք չէ:
Հարց. Պարոն նախագահ, եթե դեմ չեք, արտաքին թեմաներից անցում կատարենք ներքին թեմաներին: Քառօրյա պատերազմը բավական բուռն քննարկումներ առաջացրեց հասարակության շրջանում` կապված պետական և, ընդհանրապես, մեր հանրային օրգանիզմի կենսագործունեության հետ: Եվ այդ հարցադրումների մի մասն առնչվում էր պետության կենսագործունեությանը. արդյո՞ք մենք ճիշտ ենք բաշխում պետական միջոցները, արդյո՞ք պետք չէ ավելի իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ, արդյո՞ք պետք չէ ավելի ռացիոնալ մոտենալ բյուջետային այն միջոցներին, որոնք առանց այդ էլ սուղ են: Եվ, հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, բնականաբար, խնդիր է առաջանում վերաիմաստավորել մեր ամբողջ կենսառիթմը: Բնականաբար, հանրության շրջանում որոշակի պահանջներ են ձևավորվում այս ամեն ինչի հետ կապված:
ՀՀ նախագահ. Անկախ ապրիլյան իրադարձություններից, իհարկե, անհրաժեշտ է: Ոչ միայն անհրաժեշտ է, այլ պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել: Իհարկե, պետք է դա անել: Մեզանից յուրաքանչյուրը, լինի դա գործադիր օղակը, օրենսդիր օղակը, թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին: Եվ մեկ անգամ չէ, որ մենք դրա մասին խոսել ենք: Մեզ պարտադիր չէր, որ այդ չորս օրերը լինեին, որպեսզի մենք խոսենք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին: Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, որ չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու, և խոսել եմ փոփոխությունների մասին: Բայց մինչ խոսելը, երբ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում էր փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր: Եվ անկախ նրանից ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան: Հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնելու: Ինչպես տեսնում եք, փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից էլ ռազմական գործողություններ. արդյո՞ք դրանք համատեղելի են, միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել նրանց դանդաղկոտության համար կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է:
Հարց. Պարոն նախագահ և´ Հայաստանում և´ Ադրբեջանում հաղթանակից են խոսում, ի վերջո, ինչն է որոշում հաղթանակը: Եվ երկրորդ հարցը. այս օրերին նորից խոսվեց տարածքային կորուստների մասին, տարբեր տիպի շահարկումներ եղան, եթե կարելի է՝ անդրադարձ կատարեք և մեկընդմիշտ այս հարցին վերջ դնենք:
ՀՀ նախագահ. Գիտեք, իմ կարծիքով հաղթանակը կամ պարտությունը հետևյալն է՝ թե դու ինչ նպատակ ես դրել և արդյո՞ք կարողացել ես կատարել քո նպատակը, և այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություններ անենք, կուրծք ծեծենք և ասենք՝ մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել Պաշտանության նախարարության ողջ սպայակազմից ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր զինված ուժերին, անվտանգության համակարգին՝ թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն, ձախողել հակառակորդի ծրագրերը: Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն, եթե զինված ուժերը , եթե անվտանգության համակարգը այդ խնդիրը կատարել է, ապա ինչպես ուզում եք կոչեք, ուզում եք ասեք՝ մարդիկ արհեստավարժորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասեք՝ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը, ինչպես ուզում եք ասեք, բայց արդյունքում գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր զինված ուժերը, այո, խնդիրը կատարել են: Միշտ կարելի է ժողովրդահաճո, այս պարագայում պետք է ասեմ ամբոխահաճո, հայտարարություններ անել և ասել, եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք սա կանեինք: Դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, դա ասում են մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից, կամ ասում եմ մարդիկ, ովքեր, միգուցե ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո երբեք հաղթական զեկույցներ նրանք չեն տվել, իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչեր են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չեն զինված ուժեր, ովքեր կգնան արկածախնդրության ՝ միգուցե կհասնեն հաջողության, միգուցե՝ ոչ, մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները և այդ խնդիրները կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, խնդիրներ տեսնել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Սա շատ ակնհայտ է: Եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք՝ կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձևակերպումը հետևյալն է. մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են, և տա Աստված, որ մշտապես կատարեն և կատարելու են, որովհետև մեր զինված ուժերը մեր ամբողջ երեք միլիոն ժողովուրդն է՝ Հայաստանում, Արցախում, գումարած նաև Սփյուռքը: Ինչքան մարդիկ էին ցանկանում գալ ու գնալ ճակատ, միգուցե նրանք ճակատում չկարողանային ռազմական խնդիրներ լուծել և այդպես էլ կա, մարդը, եթե հատուկ պատրաստվածություն չի անցել, նույնիսկ կարող է բեռ հանդիսանալ հատուկ պատրաստվածություն անցած մարդկանց համար, բայց ոգևորելը, թիկունքում ամրություն զգալը շատ մեծ բան են: Տեսեք, գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, այդ ամենից բացի գոյություն ունի նաև գնահատական. եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, դա ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարական նշանակություն ունի, մարտավարական նշանակություն ունի, թե՞ ընդհամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ութ հարյուր հազար հեկտար ունեին՝ կորցրել են ութ հարյուրի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքներն որևէ նշանակություն չունեն: Զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց ուզում եմ մի համեմատություն անեք. ութ հարյուր հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար ենթադրենք մեկ զոհ երկու վիրավոր, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ մեկ վիրավոր՝ էլի շատ են: Համեմատեք, տեսեք այդ ութ հարյուր հազար հեկտարը գրավելու համար ինչքան զոհ պետք է տային: Երբ ես ասում եմ՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնելու, ընտրության խնդիր էր՝ արդյոք արժեր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել ևս երեսունհինգ, քառասուն կա ևս ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու: Երևանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս, ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան վերցնեն, և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն արժեքը ՝ մետրի և մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները, նրանք դեռևս իրենց խնդիրը մինչև վերջ չեն կատարել, նույնիսկ կատարելուց հետո են իրենք պետք: Դեռ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքացիական կյանքում շատ ավելի քիչ հաջողությունների կարող են հասնել, քան թե ռազմական:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Փոփոխություններն անհրաժեշտ են՝ անկախ ապրիլյան իրադարձություններից
- Սերժ Սարգսյան. Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարել են
- Սերժ Սարգսյան. Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով
- ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո
- Սերժ Սարգսյան. Ադրբեջանի նախագահի հավաստիացումները քիչ հավատ են ներշնչում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին