«Շարքային քաղաքացիներ էին, ոչ թե զինվորներ». Մանվել Գրիգորյանի օգնականը միջադեպի մասին
«Գործում է կազմակերպված հանցախումբ, որի նպատակն է Երկրապահ կամավորական միությանն ու դրա առաջնորդ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը՝ խոսելով Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանի՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցին, որտեղ նա պատմում է, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ-ում, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ: Բադասյանի խոսքով, Մանվել Գրիգորյանը տեսնելով, որ դիրքեր բարձրացող տղաների ավտոմեքենաները նեղացրել են իր ճանապարհը՝ հարձակվել է նրանց վրա և հայհոյել:
Ըսը Վ. Վարդանյանի, հաշվի առնելով այն գործունեությունը, որ իրականացնում է ԵԿՄ-ն, նման հանցախումբը սպառնալք է ազգային անվտանգությանը:
«Ապրիլի երկուսին քսան ժամում երկրապահները մոբիլիզացվեցին ու հայտնվեցին դիրքապահների կողքին»,- նշեց Վ. Վարդանյանը՝ հավելելով, որ երկրապահները համալրել են բոլոր դասակները, ջոկատները, հենակետերը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Մ. Գրիգորյանին Հադրութից հեռացրել են, Վ.Վարդանյանն ասաց, որ գեներալ Մանվել Գրիգորյանն այնտեղ է, որտեղ ճիշտ է համարում, որտեղ պահանջում է Հայաստանի շահը. «Նա ճիշտ համարեց, որ Արցախում գործող ԵԿՄ շտաբը լինի Արա լեռում: Ինքն է որոշում, թե որտեղ լինի շտաբը՝ ելնելով իրավիճակից»:
Ասուլիսին ներկա ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտիկ, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի խոսքով, այդ հարցազրուցում հնչած հայտարարությունները սուտ են, ստահոդ:
«Անբարոյականություն է, անթույլատրելի: Երկրապահներն ապրիլյան իրադարձությունների հենց առաջին օրերից գնացին ու տեղաբաշխվեցին առաջնագծի ողջ երկայնքով»,- ասաց Վ.Դևրիկյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը, ով այդ օրերին եղել է ԵԿՄ շտաբի աշխատակից, պատմեց, թե ինչ միջադեպ է եղել. «Ջաբրաիլից վերադառնում էինք: Երեք մեքենայով էինք, որից մեկը շտապ օգնության էր: Ճանապարհին կանգնած էր երկու մեքենա, դռները բաց: Առաջին նախազգուշացումից հետո նրանք մեքենաները չհեռացրեցին, ոչ էլ դռները փակեցին: Մենք փորձեցինք շրջանցել այդ մեքենաները: Մանվել Գրիգորյանը հորդորեց չփակել ճանապարհը: Այնուհետև շարունակել ենք մեր ճանապարհը: Շարքային քաղաքացիներ էին, ոչ թե զինվորներ, ինչպես ասել են»:
«Ապրիլյան դեպքերը ցույց տվեցինք, որ մենք արցախյան պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը լավագույն ձևով չենք օգտագործել: Այսօր պետք է ամեն մի ժամ օպտիմալ օգտագործենք մեր երկրի համար, ոչ թե միմյանց փոխադարձ վիրավորեելով մեր ուժերը սպառենք»,- ասաց Վարդան Դևրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի