Հայ-լեհական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կան լավ նախադրյալներ. Գարեգին Մելքոնյան
Երևանում այսօր մեկնարկեց հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, որին հաջորդեց Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը՝ երկու երկրների գործարար համայնքի շուրջ 35 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես նիստի բացմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, հայ-լեհական հարաբերությունները աչքի են ընկնում քաղաքական երկխոսության բարձր մակարդակով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցությամբ:
Նրա խոսքերով՝ Լեհաստանը մշտապես հանդիսացել է Եվրամիությունում Հայաստանի համար կարևոր գործընկեր, ակտիվ նախաձեռնող և համահեղինակ Արևելյան գործընկերության ձևաչափին: «ԵՄ հարաբերություններում Հայաստանը բավական առաջընթաց է գրանցել: Մենք մեծապես գնահատում ենք լեհական կողմի աջակցությունը այդ համագործակցությանը, և առանձնապես շնորհակալ ենք Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման հարցում Լեհաստանի ներդրած ջանքերի համար: Լիահույս ենք, որ այս մասով համագործակցությունը մոտ ապագայում կարող ենք զարգացնել՝ հասնելով վիզաների ազատականացմանը»,- նշեց Գարեգին Մելքոնյանը:
Ըստ փոխնախարարի՝ առավել ընդլայնված արտաքին առևտրատնտեսական գործունեություն ծավալելու համար Հայաստանն ունի իրական հնարավորություններ, քանի որ օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ առևտրի ռեժիմից և մեծ թվով՝ 6400 անուն հայկական ապրանքներ հնարավոր է արտահանել զրոյական դրույքաչափերով: Մյուս կողմից առկա է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստը, որը, ըստ Գարեգին Մելքոնյանի, լինելով որոշակի նոր իրողություն Հայաստանի տնտեսության համար, հետաքրքիր հնարավորություններ է բացում նաև եվրոպական բիզնեսների համար, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ շուկաներով:
«Հայաստանը լինելով Եվրասիական միության անդամ երկրների շարքում՝ ամենաազատականն է իր տնտեսության կարգավորմամբ, օտարերկրյա ներդրումների համար տրամադրվող պայմաններով, և այս բոլոր հնարավորություններն առաջարկում է իր գործընկերներին, ինչպես նաև՝ ԵՏՄ երկրներ ազատ մուտքի հնարավորություն»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում գործարարների և ներդրողների համար այսօր ստեղծված են գրավիչ պայմաններ, ՀՀ կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ՝ չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության համար, ինչը երաշխավորված է օրենսդրությամբ:
Այնուհետև փոխնախարարը ներկայացրեց այն պայմանները, հարկային արտանությունները, որոնք Հայաստանն առաջարկում է ներդրողների համար:
«Երկուստեք քննարկումների արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ կան լավ նախադրյալներ հայ-լեհական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին աճել է, տարեկան գրանցվում է 50 մլն դոլարի առևտրաշրջանառություն»,- ասաց Գարեգին Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ հայ-լեհական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կխորանա և համատեղ մի շարք ծրագրեր կյանքի կկոչեն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի