Հանրապետականը բողոքում է հեռուստաընկերության քարոզչությունից
Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվեի օրը հեռուստաընկերություններից մեկի հակաքարոզչությունը, երբ մարդկանց կոչ է արվել չմասնակցել քվեարկությանը կամ գնալ տեղամաս ու պատռել քվեաթերթիկը, դժգոհելու առիթ էր տվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին:
Վերջինը ծանոթացել է Հեռուստատեսության և ազգային ռադիոյի 2015-ի գործունեության ծրագրին և չի համաձայնել այն եզրահանգման հետ, որ հանրաքվեի օրը հեռուստաընկերությունների եթերում քարոզչություն չի եղել:
Ավետիսյանը այսօր ԱԺ նիստում ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեց.
«Նախընտրական շրջանում հեռուստաընկերություններից մեկն առավոտից իրիկուն հակաքարոզչություն էր իրականացնում, նույնիսկ կոչ էր անում՝ գնացեք ընտրատեղամաս և պատառոտեք քվեաթերթիկը։ Դուք ուսումնասիրե՞լ եք այդ և նմանատիպ այլ դեպքերը»։
Ի պատասխան Դադասյանն ասաց, որ իրենք ունեն հատուկ սարքեր հանրաքվեի ու ընդհանրապես քվեարկությունների օրը ուսումնասիրում են հեռուստաընկերությունների եթերը:
«Ցավոք, մենք դիմում չենք ստացել։ Գիտեք, որ մեր հանձնաժողովը դիմումների հիման վրա է նաև կատարում աշխատանքները»,-հավելեց Ժիրայր Դասայանը՝ ընդունելով, որ տեղին հարց է բարձրացնում պատգամավորը:
«Մենք ավելի ուշադիր պետք է լինենք այդ դեպքում։ Մշտադիտարկում իրականացնում ենք մաքսիմում ծավալով, բայց երբեմն այդպիսի բացթողումներ կարող են լինել։ Մենք ավելի ուշադիր կլինենք, դիտողության համար շնորհակալություն»,-նկատեց ՀՌԱՀ նախագահի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը հասնում է մինչև Իգդիր. Ժիրայր Դադասյան
- Գյուղերում գոհ են հեռուստաընկերությունների թվայնացումից. Դադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի