Սարգիս Հարությունյան. «Հասկանալով, որ եռագույնը կրկին ծածանվելու է, ադրբեջանցիները դիմեցին այս սադրանքին»
Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Լվովում կայացած Քունգ Ֆուի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ Աշոտ Հարությունյանը, Հայկ Օհանյանը, Դավիթ Պետրոսյանը, Ալբերտ Թորոսյանը և ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հայ և ադրբեջանցի մարզիկի մենամարտն անավարտ էր մնացել: Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանին կես քայլ էր բաժանում ադրբեջանցի մարզիկին հաղթելու համար, երբ մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավթին: Նրան միացել է նաև պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները և մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել էին մերոնց վրա և մեծ ծեծկռտուք էր սկսվել, որին միջամտել էին ոստիկանները:
Սարգիս Հարությունյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիների կողմից սա նախապես պատրաստված սցենար էր, որը նրանք պետք է կիրառեին թե հաղթանակի, թե պարտության դեպքում:
«Նման քայլի չէինք սպասում: Իմ կարծիքով` այս ամենը նախապես պլանավորված էր և նրանք պետք է գնային այս քայլին թե հաղթանակի, թե պարտության դեպքում: Հասկանալով, որ պարտվում են և եռագույնը կրկին ծածանվելու է, դիմեցին այս սադրանքին: Հակված եմ, մտածելու, որ սոցցանցերից տեղեկացված են եղել, թե ում եղբայրն է Դավիթը, դրա համար էլ դիմել են այդ քայլին»:
Մենք էլ, իրենք էլ, մինչև Լվով մեկնելը հարցում ենք կատարել անվտանգության հետ կապված, բայց կազմակերպչական առումով թերացել էին: Արդեն դիմել ենք եվրոպական ֆեդերացիային` Ադրբեջանի հավաքականին աշխարհի ֆեդերացիայից դուրս թողնելու համար: Հուսով եմ` կորակազրկեն»,-նշեց Հարությունյանը: