Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին. ԱՄՆ դեսպան
«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994-95 թթ-ի հրադադարի համաձայնագրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հետևյալ հարցին՝ «Վիեննայում բանակցությունների գլխավոր ձեռքբերումն այն էր, որ նախագահները պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն նույն պարտավորությունները կային 1994 թվականից ի վեր, բայց դա չխանգարեց, որ Ադրբեջանը ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի, ինչո՞ւ է մասնավորապես ամերիկյան կողմը համոզված, որ միգուցե այս անգամ հրադադարը կպահպանվի»:
Դեսպանի խոսքերով՝ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով, ևս դրական է, դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն:
«Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Ինչ վերաբերում է հունիսին նախագահների հանդիպելու վերաբերյալ համաձայնությանը, դեսպանը դա ևս դրական համարեց՝ ասելով, որ դա լավատեսորեն է տրամադրում:
«Համանախագահները, իմ երկրի կառավարությունը լիահույս ենք, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ և կհանգեցնի նրան, ինչին մենք բոլորս ձգտում ենք՝ համակողմանի կարգավորման Լեռնային Ղարաբաղի խնդրին»,- նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան