Ամերիկյան ընկերությունները կարող են օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսվարել. ԱՄՆ դեսպան
««ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովի նպատակն այն է, որ Հայաստան ենք հրավիրել ամերիկյան այն մեծ ընկերություններին, որոնք արդեն նախկին խորհրդային միության տարածքում տնտեսավարելու և գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն, և նրանց ներկայացվում են հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դեսպանի խոսքերով՝ դրանք ընկերություններ են սպառողական ապրանքների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից:
Նշենք, որ Երևանում այսօր անցկացվող «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին կմասնակցեն հայկական գործարար համայնքի առաջատարներ, ինչպես նաև տարածաշրջանում հաջողությամբ տնտեսավարող ու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները դիտարկող տասնյակ ամերիկյան ընկերությունների գործադիր պաշտոնյաներ:
«Ես միշտ ասել եմ, որ այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալիս են պատրաստված, շրջահայց կերպով և ցանկանում են գործունեություն իրականացնել, դրանց համար միշտ կան հնարավորություններ: Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում ներդրումներ իրականացնել: Եղել են հարկային, մաքսային ոլորտի բարեփոխումներ, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարեփոխումներ: Արդյունքում Հայաստանում եղել են ամերիկյան մեծ ներդրումներ, այդ թվում՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից «Որոտան» հիդրոկասկադի ձեռքբերումը, որը խոշորագույն ամերիկյան ներդրումն է Հայաստանում»,- ասաց դեսպան Ռիչարդ Միլսը:
Հարցին, թե դեսպանը նախկինում նշել էր, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը թույլ չի տալիս ավելի լուրջ ներդրումներ ներգրավվել Հայաստանի տնտեսություն, ինչ-որ բան է փոխվե՞լ այդ առումով, դեպանն ասաց, որ ինքն ասել է և անցած շաբաթ էլ ՀՀ վարչապետը նշեց, որ կոռուպցիայի խնդիրը կա և այդ հարցը պետք է ամերիկյան գործարարներն իրենց աչքի առաջ ունենան և իմանան, թե ինչպես պետք է գործ ունենան:
«Այս համաժողովին մասնակցում են փորձառու ամերիկյան ընկերություններ և այսօր իմ խոսքում նրանց կասեմ, որ նրանք Հայաստանում ունեն գործընկերներ լրատվական դաշտում, կառավարությունում, գործարարների շրջանում, քաղաքացիական հասարակությունում, որոնց հետ միասին կարող են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում հավասար խաղի պայմաններ ապահովելու ուղղությամբ: Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ լավագույն ճանապարհը, իմ կարծիքով այն է, որ օրինակներ լինեն, որոնք ի ցույց կդնեն , թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ տնտեսավարել: Կարծում եմ, որ ամերիկյան ընկերությունները կարող են այդպիսի լավ օրինակ ծառայել: Հուսով եմ, որ կկարողանանք նոր գործարարների, նոր բիզնեսների ներգրավել Հայաստան և այսօրվա միջոցառումը կօգնի այդ հարցում»,- ընդգծեց Ռիչարդ Միլսը: