ՎՊ զեկույցները գնալով ավելի անհետաքրքիր են դառնում. Թևան Պողոսյան
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հիշեց ՎՊ 2013 թվականի աղմկահարույց զեկույցը:
Նրա կարծիքով, այդ զեկույցից հետո մյուս զեկույցները դարձել են պակաս հետաքրքիր. «Վառ օրինակն էլ այն է, որ այժմ դահլիճում քիչ պատգամավորներ կան: Որ թերթը բացեիք, նախորդ զեկույցից ամեն մի հրապարակման մեջ տվյալներ կային»:
Պատգամավորն ասաց, որ իրեն զարմացրել է ՎՊ հաշվետվության մեջ այն նախադասությունը, թե ՎՊ-ն ցանկություն ունի ուսումնասիրել ամբողջ բյուջեի ծախսը: Պողոսյանը հորդորեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին չզսպել իր ցանկությունները կատարելու հարցում, առավել ևս այն դեպքում, երբ հայաստանյան օրենսդրությունը այդ հարցում ՎՊ-ին չի կաշկանդում:
«Ապագայի համար, եթե հասցնենք մենք հաստատել 2017 թվականի ձեր ծրագիրը միայն մի տող գրեք՝ որ ամբողջ բյուջեն ստուգելու եք: Ինձ թվում է՝ բոլորս էլ դրան կողմ կլինենք և կհաստատենք», -դիմելով ԱԺ դահլիճում նստած ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, ասաց Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԺ-ում արտահերթ ելույթ է ունեցել
- Ինչո՞ւ պետք է նախարարությունը Դիլիջանում ճոխ ատրիբուտիկաներով ռելաքսի զոնա ունենա. Նաիրա Զոհրաբյան