Յուրաքանչյուր գործարար կարող է զբաղվել բիզնեսով, ես լինելու եմ հետևողական. Վարչապետ
Բենզինի ու դիզվառելիքի գինը հարևան Վրաստանում 40 տոկոսով ցածր է, քան Հայաստանում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և հետաքրքրվեց, թե արդյոք կառավարության ղեկավարը չի՞ կարծում, թե Հայաստանում գների աճը պայմանավորված է մենաշնորհի հետ:
Ի պատասխան կառավարության ղեկավարը հայտարարեց, որ օրենքով որևէ ընկերությանը մենաշնորհ չի տրվել, և մենաշնորհը գոյանում է տնտեսական մրցակցության արդյունքում:
«Ուզում եմ հայտարարել, որ այդ հարցը քննարկել եմ հանրապետության նախագահի հետ երեկ և այսօր մեզ մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մենք հետևողական ենք լինելու և այո, ամեն ինչ անելու ենք, որ շուկայում գների նվազման երևույթ սկսի: Եվ հետո եթե Վրաստանի հետ համադրում ենք, պետք է հասկանանք, որ Փոթիից ապրանքների տեղափոխման գինը հավասար է, երբ ապրանքը տեղափոխվում է Եվրոպայից կամ Չինաստանից դեպի Փոթի: Այսինքն՝ ինքնարժեքի վրա մեծ ազդեցություն է ունենում», -նշեց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով հայտարարություններին, թե հեղուկ վառելիքի կամ շաքարավազի ու այլ սննդամթերքի ներմուծման մենաշնորհ կա Հայաստանում, Վարչապետը հայտարարեց.
«Յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվելու բիզնեսով, կարող է զբաղվել, ես լինելու եմ հետևողական: Որևէ նախարարության, պատկան մարմնի կողմից չի լինելու առանձնակի մոտեցում, լինելու են հավասար պայմաններ, լինելու հավասար հարկային դաշտ, մենք լինելու ենք հետևողական: Թող բոլորը զբաղվեն գործարարությամբ, որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու»:
Արձագանքման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը ժպտալով հայտարարեց, որ այս օրը կարող է լինել պատմական, քանի որ կառավարության ղեկավարի կողմից հայտարարվում է, թե գործարարները առանց խոչընդոտի, կարող են զբաղվել այդքան կարևոր բիզնեսով, ապրանքներ ներկրելով: