Հետազոտություն. Մարզերում մասնագիտական կրթություն չունեցող երիտասարդների պահանջարկը մեծանում է
Հայաստանում աշխատանքի ընդունելիս գործատուների 24.6%-ը հատկապես ուշադրություն է դարձնում պրակտիկ հմտությունների վրա, 23.9%-ը՝ տեսական գիտելիքների, 20.3%-ը՝ աշխատանքային փորձի, 18.2%-ը՝ աշխատանքի ընդունվողի պոտենցիալի, 10.4%-ը՝ աշխատանքի ընդունվողի մոտիվացիայի:
Նման տվյալներ են ստացվել «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. Գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» հետազոտության արդյունքում: Հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈՒԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
«Հայաստանում դեռ քիչ են այն աշխատատեղերը, որոնցում մարդիկ պետք է կիրառեն մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, մյուս կողմից էլ աշխատաշուկայում միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերը միասին վերցրած ավելի շատ են, քան բարձրագույն և հետբուհական կրթական մակարդակ պահանջող աշխատատեղերը: Մարզերում միտում է նկատվում՝ մասնագիտական կրթություն չունեցող երիտասարդների պահանջարկը գնալով մեծանում է»,-նման եզրակացության են եկել հետազոտության հեղինակները:
Հարցված երիտասարդների մոտ աշխատանք գտնելու վրա ամենաորոշիչ ազդեցություն թողնող գործոններից են՝ ծանոթություններ՝ 13.2%, կարողություններ, ունակություններ՝ 13.2%, կրթություն՝ 11.3%, մասնագիտական կարողություններ՝ 9.4%, աշխատանքային փորձ՝ 7.5%, անձնական ծանոթություն գործատուի հետ՝ 6.6%:
Որպես մասնագիտության ընտրության վրա ազդող հիմնական գործոն՝ երիտասարդները նշել են ակնկալվող աշխատանքի աշխատավարձի չափը, որպես աշխատանքի փնտրման վրա ազդող առաջնային կողմնորոշիչ՝ նույնպես նշվել է ակնկալվող աշխատավարձի չափը։
Գործատուները և երիտասարդները կրթական հաստատությունից սպասում են ավելի պրակտիկ կիրառական գիտելիքների տրամադրում, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան տրամադրվող գիտելիքների և հմտությունների թարմացում ուսումնառության ընթացքում, ԲՈՒՀ-երին կից կադրային կենտրոնների արդյունավետ գործառնություն:
Ըստ հետազոտության արդյունքների՝ որոշ վարկանիշային մասնագիտությունների գծով, ինչպիսիք են՝ ծրագրավորում, տնտեսագիտություն, իրավագիտություն և այլն, մեկ տեղի համար դիմող երիտասարդ մասնագետների թիվը էականորեն աճել է: Աշխատաշուկան վերածվել է «գործատուին պատկանող շուկայի», որտեղ գործատուն հնարավորություն ունի ընտրելու լավագույն մասնագետներին:
Դա նշանակում է, որ գործատուները սկսել են խստացնել աշխատանքի ընդունման չափանիշները: Այժմ արդեն գործատուները ոչ միայն ուշադրություն են դարձնում, թե ինչ ուսումնական հաստատություն է ավարտել դիմորդը, այլև լրացուցիչ քննություն կամ թեստային համակարգ են կիրառում պարզելու համար, թե ինչ գիտելիքներ և հմտություններ ունի նա: