ԵԱՀԿ նախագահը խոստացել է աջակցել հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին
«Ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ես խորապես ցավում եմ շփման գծում զոհերի համար և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով», -հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալթեր-Շթայնմայերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:
Նա ողջունել է միջնորդ երկրներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում:
«Ուրախալի է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը:
Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ:
Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում է, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտապես ջանքեր գործադրել` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը առաջնահերթություն է, և նաև ոչ պակաս կարևորություն ունի համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- նշել է Շթայնմայերը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ. Ֆրանսիան ողջունում է Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին