Պետդեպ. «Սարգսյան-Ալիև հանդիպումը ճիշտ ուղղությամբ արված քայլ էր»
Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական էր և ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այս մասին, անդրադառնալով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ Սարգսյան-Ալիև հանդիպմանը, նշել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Հանդիպման ավարտին արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ հարցեր են քննարկվել, այն նաև ցույց է տալիս հանդիպման մասնակիցների կառուցողական մոտեցումները: Երկու երկրների նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ ներդնել վստահությունը ամրապնդող միջոցներ և հաջոդ ամիս սկսել բանակցությունները, որոնք կարող են տանել համապարփակ կարգավորման: Նրանք ի ցույց դրեցին այն, ինչ մենք քաղաքական կամք են անվանում՝ առաջ շարժվել ստատուս-քվոյից և ձեռնարկել քայլեր, որոնցից կարող են շահել տարածաշրջանում բոլորը: Հետևաբար, ինչպես Պետքարտուղարը հայտարարեց, մենք նրանց կողքին ենք, որ ուղղությամբ էլ նրանք քայլեր ձեռնարկեն: Հանդիպումը դրական էր և ճիշտ ուղղությամբ արված քայլ: Եվ հիմա բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն այն համաձայնությունների իրականացման ուղղությամբ, որոնց հասել են»,- նշել է Քիրբին:
Լրագրողներից մեկի ճշգրտող հարցին էլ, թե ինչպես կմեկնաբանեք այն տեղեկությունը, որ սահմանային միջադեպերի հետքննության մեխանիզմների տեղակայմանը Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը տվել են իրենց համաձայնությունը, իսկ Ադրբեջանը՝ ոչ, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է ուղիղ պատասխան տալ՝ սահմանափակվելով միայն Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը հղմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարությամբ նշվում էր, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, իսկ կողմերն էլ պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նախագահները համաձայնել են նաև հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին