Քաղաքագետ. ՀՀ և ԼՂՀ առաջնահերթ խնդիրն է մշակել տեղեկատվական քաղաքականության հայեցակարգ
Թե տեղեկատվական դաշտում, թե արտաքին քաղաքականության մեջ, քաղաքականությունն իրականացվում է մշակած հայեցակարգի հիման վրա, մեզ պետք է թե տեղեկատվական դաշտի, թե արտաքին քաղաքականության հայեցակարգեր,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Երկուսն էլ բխում են մեծ հայեցակարգից: Ունե՞նք արտաքին քաղաքական այդպիսի մշակված հայեցակարգ: Պատասխանատու գործիչները հաճախ ասում են՝ չունենք: Եթե չունենք՝ շատ վատ է»,- նշեց նա:
Քաղաքագետն ընդգծեց, որ տեղեկատվական պատերազմում տանուլ տալն ընդհանուր պարտության սկիզբն է. «Տեղեկատվական պատերազմը մերօրյա պատերազմների բաղադրիչներից մեկն է, այդտեղ տանուլ տալը նշանակում է տանուլ տալ ամբողջ գործը»:
Ալեքսանդր Մանասյանն ասաց, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առաջնահերթ խնդիրն է տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մշակման գործը:
«Միայն այդ դաշտում ունենք ազատություն, որ մնացած դաշտերում կարող է և չունենանք: Օրինակ, արտաքին քաղաքականության դաշտում: Միայն տեղեկատվական դաշտն է ազատ: Ավելի քան վստահ եմ, որ կարող ենք մշակել բանաձևեր, ուղերձներ, հղել աշխարհին և ազդել գործընթացի վրա»,- նշեց քաղաքագետը:
Նա բերեց մի քանի օրինակ. «Այսքան տարիների ընթացքում տեղեկատվությունից դուրս ենք մղել այն իրական փաստը, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, ինչպես նաև դուրս է մնացած ադրբեջանահայության խնդիրը: Ադրբեջանցի փախստական, ըստ երևույթին, չկա, կան հայ փախստականներ, որոնց հարցն առաջարկություններում, բանաձևերում շրջանցվում են: Դա շրջանցվում է նաև մեր օգնությամբ, երբ լռության ենք մատնում այդ խնդիրները: Հակամարտության լեզվի վրա ազդելու միջոցներ ունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան