Մենաշնորհ չկա. Վարչապետ
Հեղուկ վառելիքի ներկրումով զբաղվել ցանկացող որևէ ընկերության համար սահմանափակումներ չկան: Բոլորն էլ կարող են ներկրել և զբաղվել այդ բիզնեսով,-այսպես այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր օրերս աղմուկ հանած «Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի ճակատագրով, որի 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաները մի քանի օր շարունակ չէի կարողանում անցնել Բագրատաշենի անցակետը: Ըստ պատգամավորի, ՍՊԸ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, թե թույլ չեն տալիս:
«ԵՏՄ-ի կողմից ընդունվել է տեխնիկական կանոնակարգ, և մեր պայմանը այն է, որ չափորոշիչները համահունչ լինեն այդ կանոնակարգին, դա միակ պայմանն է, այլ խնդիր, պայման չի կարող լինել: Այդ հանձնարարականը ստացել են պատկան մարմինները, որ հետևեն գործընթացին: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել՝ չկա մենաշնորհ», -հայտարարեց Աբրահամյանը՝ նկատելով, որ ինքը հետևում է այդ ընկերության հետ կապված գործընթացներին:
Նաև տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցով կառավարությունում հանդիպում է կայացել պատգամավորների հետ: