Իլյումժինովն առաջարկում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը շախմատ խաղան
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Կիրսան Իլյումժինովը առաջարկում է Ֆեդերացիայի հովանու ներքո անցկացնել համացանցային շախմատային մրցույթ Հայաստանի և Ադբեջանի միջև, նպատակ ունենալով շախմատի միջոցով հասնել փոխհասկացման: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Իլյումժինովն առաջին հերթին իր առաջարկությունը հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով, ըստ FIDE-ի նախագահի, մեծ հաճույքով ընդունել է առաջարկը:
«Մայիսի 24-ին Բաքվում կհանդիպեմ Ադրբեջանի ղեկավարության հետ և այսպիսի նախաձեռնություն կառաջարկեմ՝ «Երկիրը՝ երկրի դեմ», որպեսզի Հայաստանը Ադրբեջանի հետ խաղա կոլեկտիվ շախմատ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները համացանցում քայլ կատարելով»,- Sputnik Armenia ռադիոյի եթերում նման հայտարարություն է արել Կիրսան Իլյումժինովը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք շախմատը նպաստել խաղաղության հաստատմանը հակամարտող կողմերի միջև, FIDE-ի ղեկավարը նշել է, որ «բոլոր հարցերը պետք է խաղաղ լուծում ստանան շախմատի սեղանի շուրջ, որպեսզի հակամարտեն միայն շախմատի խաղատախտակի դիմաց»:
«Դա կնպաստի երկու ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Երբ հին հույները անց էին կացնում Օլիմպիական խաղեր, այդ ժամանակ բոլոր պատերազմներն ու հակամարտությունները դադարում էին: Հուսով եմ, շախմատը և սպորտն ընդհանրապես, ինչպես ծառայել են խաղաղությանը և մարդկությանը, այնպես էլ այս պարագայում, միջազգային շախմատային օլիմպիադայի ժամանակ օրինակ կծառայեն բոլոր երկրներին, որ պետք է ապրել խաղաղությամբ և բարեկամաբար, առավել ևս այսօր, որ տարվա ընթացքում աշխարհում ընթանում են 100-ից ավելի զինված հակամարտություններ»,- նշել է Իլյումժինովը:
Ըստ FIDE-ի նախագահի՝ Շախմատային միջազգային հերթական օլիպիադան տեղի կունենա Բաքվում սույն թվականի սեպտեմբերի 1-ից 14-ը:
Նշենք, որ Ֆերդերացիայի նախագահը մայիսի 17-ին շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողության շրջանակներում շախմատ է խաղացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն ավարտվել է «ոչ-ոքի»:
«Սերժ Ազատովիչը ուժեղ ժախմատիստ է, ով խորապես տիրապետում է տեսությանը, և պատահական չէ, որ նրա ղեկավարությամբ Շախմատի ազգային հավաքականը երեք անգամ նվաճել է Օլիմպիական չեմպիոնի մեդալները»,- նշել է Իլյումժինովը՝ հավելելով, որ FIDE-ին անդամակցող 187 երկրների նախագահների մակարդակով չեմպիոնը Սերժ Սարգսյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան