Պետքարտուղարություն. Վիեննայի հանդիպումը քայլ էր ճիշտ ուղղությամբ, իսկ հանձնառությունները պետք է կատարվեն
«Տեսեք, սա շատ դրական հանդիպում էր և քայլ էր ճիշտ ուղղությամբ: Եվ հիմա ամեն մեկը պետք է իր դժվարին գործը անի ի կատար ածելու այն ամենը, ինչի առնչությամբ իրենք հանձնառություն են ստանձնել», - մայիսի 17-ին ԱՄՆ Պետքարուղարության ամենօրյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է խոսնակ Ջոն Քիրբին:
«[Վիեննայում ընդունված համատեղ] հայտարարությունը հստակ նշում է, թե ինչ հարցեր են քննարկվել եւ որ բոլոր մասնակիցները ունեցել են կառուցողական վերաբերմունք: Երկու նախագահները հանձնառություն են ստանձնել պահպանել հրադադարի ռեժիմը, վստահության ամրապնդման կարեւոր մեխանիզմներ ներդնել եւ մյուս ամիս սկսել բանակցություններ, որոնք կարող են տանել համապարփակ կարգավորման», - ասել է նա:
«Նրանք դրսևորել են, ինչպես մենք ենք կարծում, հստակ քաղաքական կամք «ստատուս քվոյից» քայլ առաջ անելու առումով և ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից են բխում: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել կողմերին բոլոր հնարավոր ձևերով», - նշել է Քիրբին:
Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վաղօրոք էին համաձայնել հրադադարի ռեժիմի մշտադիտարկման մեխանիզմների ներդրմանը եւ թե ինչ դիրքորոշում է արտահայտել Ադրբեջանը: Խոսնակը խորհուրդ է տվել ուշադիր ուսումնասիրել Վիեննայի համատեղ հայտարարությունը այս հարցերի պատասխանները գտնելու համար: