«AVA Shoes». Սիրիահայերի բիզնեսը Հայաստանում
Պատերազմի թեժ օրերին Սիրիայից Հայաստան գալուց առաջ Անդրանիկ Սաֆարը փորձել է բիզնես հիմնել Ռուսաստանում: Սակայն չի ստացվել՝ տասը ամիս այնտեղ մնալուց հետո, տեղափոխվել է Հայաստան:
«Փաստաթղթային քաշքշուկը շատ էր, չստացվեց բիզնես դնել», -ասում է Անդրանիկը:
Երկու տարի առաջ տեղափոխվել են Հայաստան ու ընկերներով հիմնել «AVA Shoes» -ը, զբաղվում են կոշիկի արտադրությամբ ու վաճառքով: Սիրիահայ երիտասարդների ստեղծած բրենդի անվանումն էլ երեք հիմնադիրների անվանումների առաջին տառերից ՝ Անդրանիկ, Վիգեն ու Անդո:
Անդրանիկ Սաֆարն այսօր «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսում ներկայացնում էր իրենց արտադրանքը:
«Մենք արտադրում ենք կոշիկ բնական կաշվից, կանացի և տղամարդու», -Panorama.am-ին ներկայացնում է Անդրանիկը, որը կոշիկի ձևավորողն է:
Բիզնեսը Սիրիայից են տեղափոխվել: Այնտեղ ունեցել են գործարան, որտեղ կոշիկի տակացու են արտադրել:
«Որոշեցինք կոշիկ արտադրել ոչ միայն հայկական շուկայի, այլ նաև դրսի շուկայի համար: Հիմա արտահանում ենք Ռուսաստան, եվրոպայի շուկա, արաբական շուկաներ», -ասում է Սաֆարը:
Սիրիահայ կոշիկ արտադրողը խոստովանում է՝ դժվարություններով, բայց աշխատում են: Իսկ դժվարը Հայաստանի փոքր շուկան է, սպառումը քիչ է: Բայց ասում է՝ չեն հուսահատվում, սկսել են արտահանել՝ Ռուսաստան, եվրոպական ու արաբական շուկաներ:
«Հայ արտադրողներից մրցակից գրեթե չունենք: Չինական, թուրքական ապրանքն է շատ շուկայում, բայց մենք տարբերվող արտադրանք ենք արտադրում՝ ավելի որակով, իտալական որակի ու բավականին էժան», -նշում է Սաֆարը:
Սիրիայում իրավիճակի խաղաղվելու դեպքում վերադառնալու մասին ասում է՝ չի մտածում. «Մտքիցս ջնջել եմ վերադառնալը»:
«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը բացվել է այսօր և կշարունակվի նաև վաղը՝ մայիսի 20-ին: Այսօր առավոտյան բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ցուցահանդեսը, որին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր, անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանրապետության նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին:
Հարակից հրապարակումներ`
- Նեղացանք, երբ տեսանք Հայաստանում թուրքական հագուստ են հագնում. Սիրիահայ երիտասարդը՝ իր բիզնեսի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին