Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
Մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ինչ վերաբերում է մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանի արտերկիր տեղափոխման հարցին, նախարարն ասաց, որ երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել են, Արմանի առողջական վիճակում երեկվանից նկատվում է աննշան դրական դինամիկա: «Այս պահին Արմանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր և նրան արտերկիր տեղափոխելու մասին խոսելը վաղ է, այս հարցը օրակարգից հիմա հանել ենք: Հետվիրահատական շրջանն անցնելուց հետո միայն կկարողանանք տեղափոխման մասին խոսել»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ Արմանի ծնողների հետ հանդիպել է և ասել, որ այս պահին անհնար է տեղափոխել:
Նախարարը միաժամանակ ասաց, որ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների ցանկությունը հստակ է՝ որդիների հետագա վերականգնողական բուժումը շարունակել այն կլինիկաներում, որտեղ իրենք են ցանկանում :
«Ես խոսել են վարչապետի հետ, մենք պատրաստակամ ենք և մեր բարոյական պարտքն ենք համարում մշտապես լինել մեր տղաների կողքին»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
Ինչ վերաբերում է հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողների առողջական վիճակին, Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին ծայրահեղ ծանր գնահատվում է Հովհաննես Պողոսյանի վիճակը, իսկ 6 զինծառայողի առողջական վիճակը՝ կայուն ծանր:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը՝ վիրավորի զինծառայողների տեղափոխման մասին
- Մարտական դիրքերում վիրավորված Արման Լազգիյանին վիրահատել են, արտերկիր տեղափոխումը կհետաձգվի
- Արցախում վիրավորված Հովհաննեսը կոմայից դեռ դուրս չի եկել. Արամ Ասատուրյան
- Զինծառայող Արման Լազգիյանը շուտով կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման
- Արցախում վիրավորված Հովհաննես Պողոսյանին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է. Զորիկ Սաղյան
- Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին