Պետո Պողոսյանի աշխատանքները ներկայացված են Բելգրադի ջրաներկի 4-րդ միջազգային բիենալեին
Բելգրադի ջրաներկի IV միջազգային բիենալեին Հայաստանից մասնակցում է գեղանկարիչ Պետո Պողոսյանը: Panorama.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում բիենալեին, հրավերը ստացել է հենց կազմակերպիչ Պեջա Աչիմովիչի կողմից:
Ցուցահանդեսը բացվել է մայիսի 15-ին, «Պռոգրես» ցուցասրահում, կշարունակվի մինչև մայիսի 29-ը: Ներկայացված է 50 երկրից 207 հեղինակ՝ մեկական կամ երկուական գործով: Ցուցահանդեսում ներկայացվել է Պետո Պողոսյանի երկու աշխատանք, որից մեկը հենց բացմանը վաճառվել է:
Միջազգային բիենալեին մասնակցելը նկարիչը կարևորում է մի քանի առումով. «Նախ միշտ ընթացքի մեջ մնալը, հերթական անգամ ներկայանալն այս տիպի իրադարձությանը, ներկա մասնագետների, քննադատների, հեղինակների և կոլեկցիոներների նեղ և լայն շրջանակին և ամենակարևորը՝ ներկայացնել մեր ներքին լարումից ստեղծված գործեր մեր գոյատարածքը քիչ իմացող ու չիմացողներին»:
Պետո Պողոսյանի աշխատանքները՝ ձախից երկուսը
Լուսանկարները՝ նկարչուհի Nuwka Ivanova ֆեյսբուքյան էջից: