Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել արտադրանք թողարկող սիրիահայերի ջանքերը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության փոխանցմամբ՝ ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր:
Հանրապետության Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին:
Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաև իրենց մոտ առկա աշխատատեղերը և ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը:
Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել և բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է իրենց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան