Շաբոյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է հայ տնտեսվարողների դժգոհությունները
Մատակարարվող ապրանքների դիմաց վճարումները անհարկի ձգձգվում են, ապրանքները պատշաճ կերպով չեն ներկայացվում սուպերմարկետներում: ՌԴ ապրանք արտահանող հայաստանցի տնտեսվարողների դժգոհությունները Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովում ներկայացրել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Համաժողովի ընթացքում հանջնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
«Ուսումնասիրությունն ընդգրկել է մեկ տասնյակից ավելի ոլորտներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կառուցվածքում կազմում է շուրջ 75 տոկոս: Խոսքը վերաբերում է մասնավորապես դեղորայքի, ոգելից խմիչքների, ծխախոտի, պահածոների, շինանյութերի, կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի, ձկնամթերքի և այլ ոլորտներին»,-ներկայացրել է Ա. Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահը, վկայակոչելով տնտեսվարողների ներկայացրած փաստերը, նշել է, որ ՌԴ առևտրային ցանցերը իրենց հետ ուղղակիորեն համագործակցելու փոխարեն գերադասում են աշխատել միջնորդների հետ:
«Այլընտրանք չունենալով մեր տնտեսվարողները համաձայնվում են վերջինների առաջարկած պայմաններին, որոնք, մեղմ ասած անբարենպաստ են գործարարների համար: Օրինակ, ապրանքների իրացման շուրջ պայմանավորվածությունների ընթացքում ստեղծվում են արհեստական դժվարություններ»,-ասել է նա:
Ա. Շաբոյանն այս խնդիների հետ կապված կարևորել է ՌԴ-ում գործող խոշոր տնտեսվարողների կողմից հավասար և ոչ խտրական պայմանների կիրառումը ապրանքներ մատակարարող ընկերությունների նկատմամբ: ՏՄՊՊՀ նախագահն իր ելույթում նշել է նաև, որ որոշակիորեն արտահանման խոչընդոտ է հանդիսացել նաև ռուսական ազգային արժույթի արժեզրկումը, որը հանգեցրել է արտահանվող հայկական ապրանքների թանկացմանը և մրցունակության անկմանը
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունը.
«Առաջարկում եմ երկու կողմերի համար հստակ մշակել և կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի և կկանոկարգվի նրանց փոխհարաբերությունները: Մասնավորապես, պետք է հստակ լինեն մատակարարներից ձեռքբերվող ապրանքների պայմանները, թե ինչ ժամկետներում պետք է կատարվեն վճարումները, ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնեն առևտրային ցանցերը ապրանքների առաջմղումը և ներկայացվածությունը ապահովելու համար, մատակարարների և առևտրային ցանցերի միջև վեճերի առաջացման դեպքում լուծման ճանապարհները և այլն: Այդ կանոնները պետք է լինեն միասնական ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում»:
Հանձանժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս տարի համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներից ժամանած պաշտոնյաներ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան