Հայտնի են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին:
Բանկի մարքեթինգի վարչության փոխանցմամբ, ծրագրին դիմած տասնյակ տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել չորսը՝
Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն,
«Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը,
«Արմբերրի» ՍՊԸ-ն , որը զբաղվում է ազնվամորու աճեցմամբ,
Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:
«Ներկայումս մրցույթում հաղթող ճանաչված բոլոր տնտեսությունները գտնվում են հավաստագրման գործընթացում: Մոտ ժամանակներս դրանցից առաջինը կհավաստագրվի, որից հետո եվրոպական շուկա պատրաստի արտադրանքի արտահանման բավականին լայն հնարավորություններ կստեղծվեն, իսկ մինչև տարվա վերջ կավարտվի մյուս տնտեսությունների հավաստագրումը», - ասել է ՆԱԲՈՒ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նարեկ Գրիգորյանը:
«Գյուղական համայնքներում փոքր և միջին տնտեսությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ծրագրով, փաստորեն, ամբողջական արտադրական ցիկլ է փակվում՝ ընդհուպ մինչև աջակցություն արտահանմանը, ստեղծվում են նոր աշխատեղեր և ներգրավված ձեռնարկությունների զարգացման շոշափելի հեռանկարներ են բացվում: Այսպիսով, մենք Հայաստանում յուրատեսակ շարժում ենք ստեղծում՝ նպաստելով գյուղական համայնքներում օրգականական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների զարգացմանը: Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, որի մասին մենք լրացուցիչ կհայտնենք», - ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան