Վիեննայի հանձնառությունները առաջնթաց են դեպի խաղաղության հաստատումը Լեռնային Ղարաբաղում
«Վիեննայի հանձնառությունները առաջընթաց են դեպի խաղաղության հաստատումը Լեռնային Ղարաբաղում»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը՝ ողջունելով մայիսի 16-ին Վիեննայում (Ավստրիա) Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների պայմանները:
Շրջանակը գտնում է, որ կողմերի միջև համաձայնեցված դրույթները հանդիսանում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ արված քայլեր:
«Առկա է մի առանձնապես կարևոր և միանգամայն նոր դրույթ, այն վստահության հաստատման և հատկապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի կյանքի կոչելու մասին կողմերի համաձայնությունն է»,-նշել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:
«Շրջանակի անունից, ես ողջունում եմ միջնորդներին և հատկապես Ֆրանսիայի ներկայացուցիչ, պետքարտուղար Հարլեմ Դեզիրին տարած աշխատանքի համար, որոնք իրենց ողջ կշիը գործի դրեցին այս առաջընթացը ձեռք բերելու նպատակով, ինչը որոշիչ կարող է լինել ապագայի և խաղաղության համար», - ավելացրել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչմանը ձգտել են հակամարտության բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, որը մինչ օրս հրաժարվում էր համաձայնել դրանց հետ:
Բարեկամության շրջանակը նշում է ևս երկու դրական դրույթ.
հակամարտության խաղաղ կարգավորման մասին կողմերի հանձնառությունը և 1994 թ զինադադարի պայմանների վերահաստատումը, ինչպես նաև «համապարփակ լուծում» գտնելու նպատակով բանակցությունների շարունակումը:
Շրջանակը այս դրույթները որակում է որպես Բաքվի ռազմական արկածախնդրության քաղաքավարի դատապարտում և հուսով է որ Ալիևը նույնպես կընկալի այս նախազգուշացումը:
«Համապարփակ լուծում, դա նշանակում է, որ բանակցությունները չպետք է կենտրոնան միայն Բաքվի կողմից կարևորվող հարակից հարցերի վրա, այլ պետք է ընդգրկեն խնդրի բոլոր կետերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի և հակամարտության արմատների վերացման հարցը, հատկապես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քաղաքականության խնդիրը» - մեկնաբանել է բարեկամության շրջանակի նախագահը:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը վերահաստատում իր համոզմունքը, որ անհնար է բանակցել մի պետության ճակատագրի շուրջ առանց նրա ներկայացուցիչների մասնակցության: Ուստի, նա ափսոսում է, որ Վիեննայի հանձնառությունները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերստին ներգրավումը բանակցային գործընթացում, ինչպես դա նախատեսված է 1994 թվականի զինադադարի պայմաններով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին